երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Դեսպան Արշակ Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Թունիսի նախագահին

Դեսպան Արշակ Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Թունիսի նախագահին

Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանը հունիսի 25-ին  Կարթագենի նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Կայս Սաիդին (Kaïs Saïed)։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Կայս Սաիդը շնորհավորել և հաջողություն է մաղթել նորանշանակ դեսպանին իր կարևոր առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով նախագահին՝ Արշակ Փոլադյանը փոխանցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ ընդգծելով, որ ջանք չի խնայի հայ-թունիսյան համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու գործում։

Նախորդ օրը դեսպան Փոլադյանը հավատարմագրերի պատճենն էր հանձնել Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և սփյուռքի հարցերով նախարար Օսման Ջերանդիին։ 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Թունիսի միջև փոխգործակցության հեռանկարային ուղղություններին՝ կարևորելով քաղաքական երկխոսության ակտիվացումը, գործնական քայլերի իրականացումը տնտեսական, գիտակրթական, մշակութային համագործակցության խթանման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում փոխգործակցության առավել խորացնելու հեռանկարներին։

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

  • Կիսվել: