Դեռ փոքրիկ ժամանակ կա կողմնորոշվելու, սխալներն ուղղելու և քաղաքական գերությունից դուրս գալո՛ւ ժամանակը. պատգամավոր
Այժմ ճշմարտության պահ է մեր ժողովրդի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերի համար։ Կարելի է սխալվել, բայց չի կարելի սխալը չուղղել, մանավանդ, երբ այդ սխալի հետևանքները ճակատագրական են լինելու։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ 2018–ին Նիկոլ Փաշինյանը շահագործեց մարդկանց արդարացի սպասումները: «Անհրաժեշտ քաղաքական փոփոխությունների մեծ պահանջարկն ու իշխանության գալուց հետո դարձավ է՛լ ավելի վատը։
Նա խոստացել էր սեր ու հանդուրժողականություն, բերեց ատելություն և պառակտում։
Խոստացել էր վերջ դնել թալանին, հիմա իրենք են դարձել թալանչիներ։
Ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հիմա Ալիևից է՛լ մեծ էնտուզիազմով է Արցախը համարում ադրբեջանական։
Ասաց՝ «Ապագա կա», հիմա հայտարարում է, որ ապագա չկա և Ալիևը «կադաստրի թուղթը» չի տալիս»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ իշխող ուժի միջին ու ստորին շերտերում շատերը հասկանում են, որ Փաշինյանը ձախողվել է և իրենց էլ հետն է ուզում թողնել խորտակվող նավակում։ Պետք է, հետևաբար, կողմնորոշվել, հավելեց նա՝ ասելով.
«Արդյոք մարդիկ ուզո՞ւմ են մնալ Փաշինյանի խորտակվող նավակում, թե՞ ոչ։
ՔՊ-ում ուզո՞ւմ են Արցախի գերեզմանափորը դառնալուց հետո դառնալ նաև Հայաստանի գերեզմանափորը։
Ուզու՞մ են դառնալ մեկ մարդու անձնական հաշվարկների, հակապետական քայլերի, սխալների, վախերի գերին։
Ուզու՞մ են օգտագործվել ու դեն շպրտվել՝ դավաճանի խարանը ճակատներին։
Դեռ փոքրիկ ժամանակ կա կողմնորոշվելու։ Սխալներն ուղղելու և քաղաքական գերությունից դուրս գալո՛ւ ժամանակը»: