երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դեռ հստակ տեղեկություն չունեմ, թե որ ոլորտներն են իմ կողմից համակարգվելու․ Սարգսյան

Դեռ հստակ տեղեկություն չունեմ, թե որ ոլորտներն են իմ կողմից համակարգվելու․ Սարգսյան

Ես այս պահին դեռ հստակ տեղեկություն չունեմ, թե որ ոլորտներն են իմ կողմից համակարգվելու: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ նորանշանակ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը:

«Ոլորտային կարգավորումները դեռ այս պահին տրված չեն: Ընդհանուր ծանոթանում եմ ՊՆ-ի այն խնդիրներին, որոնք իմ ծառայության բերումով կարող եմ ճիշտ ընկալել եւ աշխատանքում ճիշտ կիրառել»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ բազմաթիվ ծնողներ բողոքի ակցիաներ են անում եւ դեմ են արտահայտվում, որ իրենց երեխաները ծառայեն Արցախում, նա ասաց. ««Քանի որ ես նոր եմ մտնում պրոցեսի մեջ եւ հարցը չափազանց զգայուն է, չեմ ցանկանա ամբողջական տվյալների չտիրապետելով թյուրընկալումներ ստեղծեմ իմ պատասխաններով:

Հարցին, թե խաղաղապահները որեւէ խնդիր առաջացրե՞լ են, երբ դեկտեմբերին զինծառայողները փորձել են արձակուրդից հետո վերադառնալ Արցախ, նա պատասխանեց.

«Իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ, բայց որպեսզի ձեր տվյալները լինեն ավելի համապարփակ եւ ավելի հիմնավոր, կխնդրեմ ինձ այդպիսի հարցեր տալ: Ես ընդամենը 2-րդ օրն եմ աշխատասենյակում գտնվում: Հասցրել եմ ուսումնասիրել այսօր քննարկող փաթեթը»:

  • Կիսվել: