Դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն. Գագիկ Ջհանգիրյան
Դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն, դա բացարձակ անընդունելի է, կարծում եմ՝ սխալ ճանապարհով են գնում, դա փակուղի է: Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի հարցին, թե ինչպես է վերաբերվում գերագույն դատարան ստեղծելու մտքին:
«Դրանք կայացած կառույցներ են, եթե ինչ-ինչ խնդիրներ կան այդ կառույցների գործունեության բովանդակության մեջ, մենք պետք է լուծենք այդ խնդիրները: Այդ մարմինները՝ Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան, գործում են տարիներ շարունակ: Մի մոռացեք, երբ մենք մեղադրական դատարանից 96-97 թվականներին անցում էինք կատարում քիչ թե շատ մրցակցային դատարան, շատ մեծ դժվարությամբ էդ սահմանադրական հանձնաժողովում կարողացանք դնել Գերգույն դատարանի լուծարման հարցը»,- ասաց նա:
Ջհանգիրյանը հայտարարեց՝ գերգույն դատարանը «մոնստր» է, իր կազմում ուներ և առաջին ատյան, և վերանայման ատյան, և հսկողական ատյան:
«Այսինքն՝ կենտրոնացած էր, կարևոր գործերն իրենց մոտ էր, էն ժողովրդական դատարանները դամ էին քաշում: Հիմա պատկերացրեք այսքան տարիների՝ Երրորդ Հանրապետության այս ընթացքը, որը սահմանազատել է արդարադատության ոլորտը սահմանական արդարադատությունից, ուզում ենք բերենք, նորից խառնենք: Դա սխալ է, մարմին չեն ստեղծում կամ վերացնում անձանց խնդիրները լուծելու համար»,- ասաց նա: