երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Դե ֆակտո ստեղծված ճգնաժամը կարգավորելու են, ըստ ամենայնի, Մոսկվայում. Коммерсантъ-ը՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության մասին

Դե ֆակտո ստեղծված ճգնաժամը կարգավորելու են, ըստ ամենայնի, Մոսկվայում. Коммерсантъ-ը՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության մասին

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանն ու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին է անդրադարձել ռուսական Коммерсантъ պարբերականը՝ գրելով, որ գործընթացի շուրջ իրավիճակը սրելու փորձերը բխում են Հայաստանի ներքաղաքական գործընթացների լարվածությունից և անկայունությունից։

՛՛Այն, որ ամեն ինչ տեղի է ունեցել նախընտրական շրջանում, հաստատում է դա՛՛,-նշված է պարբերականում:

Коммерсантъ-ում նաև ասված է. ՛՛Համակրանքը Փարիզի նկատմամբ, որն ավելի վաղ խոսում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայ-ադրբեջանական սահմանի հարցը բարձրացնելու հնարավորության մասին, իսկապես աճում է եւ գրեթե հավասարվել Ռուսաստանի հանդեպ համակրանքին: Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը՝ օտարերկրյա դիտորդներ տեղակայելու վերաբերյալ, միանշանակ չէ ընդունվել անգամ իր կառավարության ներսում:

Թե ինչ փոխզիջման կարող են գալ կողմերը, որոնք կրկին հայտնվել են մարտական բախման եզրին, առայժմ դժվար է ասել։

Նույնիսկ Հայաստանի ղեկավարության ոչ բոլոր ներկայացուցիչներն են վստահ Նիկոլ Փաշինյանի ճշմարտացիության մեջ: Ծրագրի հրապարակումից մի քանի ժամ անց հայտարարվել է, որ հրաժարական է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, որն այս պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերից:

Коммерсантъ-ի տեղեկացված զրուցակիցը Հայաստանի պետական կառույցներում դա կապել է Նիկոլ Փաշինյանի վերջին գործողությունների հետ: Իսկ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, քննարկելով կամավոր պաշտոնանկության հնարավոր պատճառները, նշել է. ՛՛Փաշինյանը քավության նոխազ է սարքում նախարարներին. նա նրանց գործողության ազատություն չի տալիս, բայց ձախողման դեպքում ամբողջ մեղքը բարդում է նրանց վրա՛՛:

Այսպես թե այնպես, դե ֆակտո ստեղծված ճգնաժամը կարգավորելու են, ըստ ամենայնի, Մոսկվայում։ Հենց այնտեղ էր հինգշաբթի օրը գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։ Մինչդեռ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ՛՛։

Այնուհետև պարբերականը մեջբերել է հատված ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստից. ՛՛Ռուսական կողմից հաստատվել է բոլոր ծագող խնդիրները բանակցությունների ընթացքում խաղաղ ճանապարհով լուծելու կողմերի կոչը։ Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին՛՛:

 

  • Կիսվել: