կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դավիթ Խաժակյանի և Թեհմինա Վարդանյանի՝ Կառավարության հրաժարականի պահանջով նախագիծը չներառվեց Երևանի ավագանու նիստում

Դավիթ Խաժակյանի և Թեհմինա Վարդանյանի՝ Կառավարության հրաժարականի պահանջով նախագիծը չներառվեց Երևանի ավագանու նիստում

Ես և Թեհմինա Վարդանյանը շրջանառության մեջ ենք դրել որոշում, որով Կառավարությունից պահանջում ենք հրաժարական տալ, այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ նշեց ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով՝ Երևանի ավագանու կանոնակարգի 114 կետի համաձայն՝ հերթական նիստի օրակարգի վերաբերյալ ավագանու անդամների առաջարկները դրվում են քվեարկության առանձին–առանձին, ուստի առաջարկվում է, որ նախագիծը, որը ներկայացվել է որպես ուղերձ՝ Կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջով, ներառվի ավագանու այս նիստի օրակարգում:

«Առաջարկում եմ՝ այն քվեարկվի այս նիստի օրակարգում՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ համայնքներ արդեն իսկ այսպիսի ուղերձներ քվեարկել  և ընդունել են: Եվ Երևան համայնքը չի կարող անմասն մնալ սրանից։ Եթե մենք՝ որպես ավագանի, մեզ համար ունենք քաղաքական մարմին և համարում ենք մեզ տրված քվեի տերը, ուստի պետք է մենք այդ որոշումը հնարավորություն ունենանք կայացնելու: Խնդրում եմ Երևանի ՏԻՄ օրենքի 27-րդ հոդվածի և ավագանու կանոնակարգի 114-րդ կետի համաձայն՝ ուղերձը ներառելու և քվեարկելու առաջարկը դնել քվեարկության»,- նշեց Դավիթ խաժակյանը:

Երևանի քաղաքապետարանի Իրավաբանական  վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Մուրադյանը նշեց, որ այս նիստի օրակարգը ձևավորված է և նման հարց չկա, ուստի Դավիթ Խաժակյանը պետք է նախաձեռներ ավագանու անդամների մեկ երրորդի ստորագրությունը և այն ներկայացներ աշխատակազմին, որպեսզի ընդգրկվեր օրակարգում:

Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ պետք է լինի ավագանու անդամների մեկ երրորդի ստորագրությունը, որպեսզի կարողանա այդ հարցը դնել քվեարկության:

Խաժակյանը դիմելով Հրաչյա Սարգսյանին  նշեց. «Դուք՝ որպես նիստը վարող, ապօրինի որոշում եք ներկայացնում, այն ձեր օրակարգում չներառելու համար, լավ կլինի ասել, որ քաղաքական առումով Դուք ձեր լիազորությունները հայեցողաբար եք իրականացնում, պատրաստ եք դիմել ապօրինությունների, քանի որ դա ձեր քաղաքական  պատկերացումներին չի համապատասխանում»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը, ևս միանալով Դավիթ Խաժակյանի առաջարկին և դիմելով Հրաչյա Սարգսյանին, նշեց, որ ընդամենը պետք է առաջարկը դրվեր քվեարկության. «Թող ավագանու անդամները քվեարկեն իրենց դիրքորոշումը ցույց տան, ինչի՞ց եք վախենում: Վախենում եք, որ ձեր թիմը հակառա՞կ քվեարկի և Դուք ամեն ինչի հետ չհամաձայնե՞ք»:

Հրաչյա Սարգսյանն առաջարկը չներառեց օրակարգում, նշելով, որ եթե հարցի հետ կապված տարընթերցումներ կան, պետք է պարզաբանում ներկայացնել Արդարադատության  նախարարություն և ստանալ համապատասխան եզրակացություն:

  • Կիսվել: