Դավաճանների մասին վարչապետի հայտարարությունը չի կարող ուղղակի հայտարարություն լինել. Թանդիլյան
Ես շարունակում եմ խորապես համոզված մնալ, որ պետական կառույցներում դավաճանների մասին վարչապետի հայտարարությունը չի կարող ուղղակի հայտարարություն լինել: Այս մասին ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ծրարներով փող ստացող նախարարների վերաբերյալ Մանե Թանդիլյանը հարց էր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդ մասին։
«Նմանատիպ հայտարարությունները պետք է լուրջ քննության առարկա դառնան, դրանք պետք է պաշտոնապես կամ հերքվեն, կամ հաստատվեն։ Այո՛, անհրաժեշտ է այս հայտարարությունների հետքերով գնալ, քանի որ վարչապետի մակարդակով նման հայտարարություն չի կարող արվել։ Ինձ համար «դավաճան» եզրույթը պետական անվտանգության հարց է, հետևաբար՝ այս հարցն ինձ համար շարունակում է մտահոգիչ մնալ։ Հայտարարություններին չեն հաջորդում փաստարկներ։ Ի վերջո՝ ովքե՞ր են դավաճանները»,- ասաց Մանե Թանդիլյանը։
Նա նաև նշեց, որ պաշտոնական հարցում կուղղի՝ պարզելու, թե հայտնաբերվե՞լ են ծրարներով գումարներ ստացող նախարարներ։
Խնդրին անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանը։ «Հարց՝ Ջանջուղազյանը ծրարով փող ստացե՞լ է, թե՞ ոչ։
«Վարչապետը հարցրե՞լ է՝ պարոն Ջանջուղազյանը ծրարով փող ստացե՞լ է։ Եթե չի հարցրել, ինչո՞ւ է նման բան հայտարարում, ընդ որում, իր կողքը մարդ կա, այդ մարդուն չի հարցնում՝ դու ծրարով փող ստացե՞լ ես, թե չէ։ Հարց՝ եթե Ջանջուղազյանը չի ստացել ծրարով փող, կարո՞ղ ա տեսել ա՝ ո՞վ ա ստացել։ Եվ երրորդ հարցը՝ եթե չի տեսել, կարո՞ղ ա լսել ա, թե իրենց կաբինետից ով է ծրարով փող ստանում, որովհետև հայտարարությունը եղել է հետևյալը՝ Սերժ Սարգսյանի ժամանած ծրարներով փող են ստացել, հիմա այդ ծրարներով փող ստացողների մի մասը հեղափոխության կառավարության մեջ են»։
Ըստ նրա՝ տպավորություն է, որ իշխանությունը համերաշխ է բոլորի հետ՝ բացի ընդդիմությունից։



