Դատավորը ֆեյքի գործով Մհեր Ավագյանին ազատ արձակելու որոշում կայացրեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր՝ փետրվարի 21-ին, «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ քրեական գործով ձերբակալված Մհեր Ավագյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։
Ավագյանի պաշտպան Միքայել Շխիմյանն ասաց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մհեր Ավագյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը, միեւնույն ժամանակ մերժել է Ավագյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Ավագյանի փաստաբանի դիտարկմամբ՝ մեղադրանքը մեծ հեքիաթի է նման, Ավագյանն այն ամբողջությամբ չի ընդունում։ Նրա խոսքով՝ մեղադրանքում առկա չէ մեղքի անհատականացում, որևէ կերպ չի երևում, թե կոնկրետ որ անձն ինչ է արել, որ ստատուսն է գրել, ի վերջո, օգտատիրոջ գրառումներն առերևույթ հանցագործության տարրեր չեն պարունակում, առկա չէ, թե որ գրառումներն են իրենց մեղսագրվում։