հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Դատարանը քննում է Բագրատ Սրբազանի կալանքի հարցը (տեսանյութ)

Դատարանը քննում է Բագրատ Սրբազանի կալանքի հարցը (տեսանյութ)

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը կարծում է, որ Բագրատ երքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս քաղաքացիների ձերբակալությունները իշխանությունների կողմից կազմակերպված ընդդիմախոսների դեմ արշավ է։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մեղադրանքներն իմ համոզմաբ կեղծ են, հորինած են՝ մասնավորապես հեղաշրջման առումով։ Սա, նորից արձանագրենք, որ սկսվել է ամսի 20-ին, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Թուրքիայում։ Մեր գնահատականը, դեռևս այդ օրերին սկսված գործողություններին, այն էր, որ սա նախաձեռնել է, քանի որ նոր զիջումների է գնալու, կանխավ ընդդիմադիրներին սկսեցին ձերբակալել։ Այդ պրոցեսը հասավ նրան, որ երեկ հրապարակվեց կեղծ թուղթ»,-նշեց նա։

Հովհաննես Ավետիսյանն անդրադարձավ նաև հրապարակված ձայնագրություններին՝ նշելով. «Այս իշխանությունը հայկական շահերը չի սպասսարկում, հետևաբար իրենք պետք է հեռացվեն, ես շարունակում եմ պնդել դա։ Այդ հեռացումը պետք է լինի խաղաղ անհնազանդություններով, առանց ծեծ ու ջարդի։ Մեր քննարկումները զրբազան հոր հետ հատկապես, եղել են այն մասին, որ բռնություն, հեղաշրջում չէր կարող լինել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Հայտնի են այսօր ձերբակալված 14 քաղաքացիներից 12–ի անունները։ Նրանք են՝ Բագրատ սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, «Սրբազան շարժման» անդամ Մովսես Շարբաթյանը։

Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:

ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները:

Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.

«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ:

  • Կիսվել: