ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը մերժվել է: Այս մասին PrimeNews-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ 

Նրա խոսքով՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:

«ՀՀ գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը դեռեւս 2018 թ. նոյեմբերի 15-ի թիվ ԵԴ/0743/06/18 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ «եթե Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների անցմամբ, ապա նման գործողությունները չեն կարող առնչություն ունենալ նախագահի կարգավիճակի հետ և պետք է գնահատվեն որպես նախագահի կարգավիճակի հետ չկապված»,- նշել է Խաչատրյանը, հավելելով, որ պաշտպանի բողոքի հիմքում դրված էր ՀՀ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելության հանգամանքը՝ այն նկատառումով, որ երրորդ նախագահին վերագրվել է այնպիսի ենթադրյալ արարք, որը բխել է նրա կարգավիճակից և գործունեությունից. 

Ըստ պաշտոնյայի՝ դատախազը հանգել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ նրան մեղսագրված են այնպիսի գործողություններ, որոնք չեն բխել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Ս. Սարգսյանին վերապահված լիազորություններից։

«Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ նրան մեղսագրված գործողություններն անգամ ձևական առումով որևէ աղերս չունեն ՀՀ նախագահի կարգավիճակի հետ, ուստի բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը»,- հայտնել է Արեւիկ Խաչատրյանը:

Ավելի վաղ Սարգսյանի պաշտպան Մակինյանը հայտնել էր, որ բողոքը վերաբերվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործառութային անձեռնմխելիությանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին

  • Կիսվել: