Դատական համակարգի ինքնամաքրումը օրհասական խնդիր է դարձել. Իմքայլականները՝ դատական համակարգի բարեփոխումների մասին
Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն այն կարծիքն է, որ օրենքի ընդունումից հետո բան չի փոխվի։
«Եթե բաժակը պղտոր ջրով լցնենք, հետո փորձենք մաքուր ջուր լցնել, այդ բաժակը չի բյուրեղանա, այն կմնա պղտոր: Մենք անցումային արդարադատության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելիս ասում էինք, որ այդ բաժակի պղտոր ջուրը զտենք, հետո նոր մաքուր ջուր լցնենք: Ես կողմ կքվեարկեմ օրենքով առաջարկվող գործիքակազմին՝ հույս ունենալով, որ առաջինից երկրորդ ընթերցմանը մենք կգնանք արմատական փոփոխությունների: Գործիքակազմը, որ այս փաթեթով առաջարկվում է, չի հանգեցնի նրան, որ դատական համակարգը զտում անցնի, այնուհետև համալրենք գրագետ, բանիմաց և պրոֆեսիոնալ դատավորներով»,- նշեց պատգամավորըԼ
Նիկոլ Բաղդասարյանի խոսքով՝ կան գործող դատավորներ, որոնք իրապես չեն անցել քննություն: Նրա կարծիքով՝ նախ պետք է քայլ անել՝ այդ վատ դատավորներից ձերբազատվելու, հետո համակարգը նոր՝ բանիմաց դատավորներով համալրելը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ նշեց, որ երբ խոսում են անկաշառ դատական համակարգ ստեղծելու մասին, հասկանում են՝ կան դատավորներ, որոնց գոյությունը դատական համակարգում արդեն ռիսկի տակ է դնում իրենց երազած դատական համակարգ ստեղծելը:
Պատգամավորը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներից մեկը համարում է հայտարարագրումը և ներկայացված փաթեթը կարևոր արձանագրումներ է անում:
Խոսելով այն դրույթից, ըստ որի, նախատեսվում է դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմը 28-ից դարձնել 25-ի, կեղծ օրակարգ համարեց տարիքի խնդիրը քննարկելը, Կոնջորյանը նշեց.
«Որևէ մեկը չի պնդում, թե լինել ավագ, արդեն իսկ նշանակում է լինել կոռումպացված, խոստովանում ենք, որ կան ավագ սերնդի դատավորներ, որ պրոֆեսիոնալ և արդար են, բայց կան կոռուպցիոն կենսափորձ ունեցողներ ևս: Կոռեկտ չէ տարիքի կանխավարկածից ելնելով ասել, որ 25 տարեկան և երեք տարի փորձառություն ունեցողը չի կարող որոշումներ կայացնել»։
Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ անդրադառնալով դատական համակարգի բարեփոխումների օրենսդրական փաթեթին, նշեց, որ Հայաստանում դատական համակարգը գտնվում է ոչ ստանդարտ իրավիճակում, լավ կլիներ, որ ամեն ինչ լիներ անթերի, բայց դատական համակարգի ինքնամաքրումը, զտումը օրհասական խնդիր է դարձել:
Պատգամավորի խոսքով՝ ինքը հեռու է այն մտքից, որ բոլոր դատավորները կոռումպացված են, իհարկե կան ազնվագույն դատավորներ: «Բայց մենք ունենք շատ դառը փորձ, որ ինձանից լավ գիտեք։ Այն դատավորները, որ տարիներ առաջ մտել են իրավական տասովկեքի մեջ, հիմա ինչ ուզում ես արա, այդ մարդիկ արդեն դրա միջով անցել են»,- ասաց նա։


