կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Դաստիարակչական խրատներ տալուց առաջ պետք է հիշել սեփական գործողությունները. Անի Սամսոնյան

Դաստիարակչական խրատներ տալուց առաջ պետք է հիշել սեփական գործողությունները. Անի Սամսոնյան

Այսօր  ԱԺ միջանցքում միջադեպ եղավ: Նիստի ընդմիջմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը իմքայլական պատգամավորներից մեկի հետ վիճաբանություն ունեցավ՝ բղավելով. «Կհարգեք՝ կհարգվեք, չեք հարգի՝ չե՛ք հարգվի»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե խոսքն ինչ մասին էի, ինչին ի պատասխան Անի Սամսոնյանը նշեց. «Մենք բովանդակային քննարկում էինք անում, իսկ Համազասպ Դանիելյանը անցում կատարեց այլ թեմայի, և ես նրան հորդորեցի վերադառնալ բովանդակային քննարկման, ինչից ծագեց փոքրիկ վիճաբանություն: Նա փորձեց ինձ դաստիարակչական խրատներ տալ, ես խնդրում էի իրեն վերադառնալ քննարկմանը»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել համայնքի ավագանու լիազորությունները:

Անի Սամսոնյանը նշեց, որ սկսում է կարծել՝ կա քաղաքապետարանի նվիրատվությունները հանրայնացնելու նախագիծը չընդունելու քաղաքական որոշում։

Անդրադառնալով միջադեպին՝ ԼՎԿ պատգամավորն ասաց. «Կան միջանձնային հարաբերություներ, որոնք հանրային արժեք չեն ունենա, դրանց մասին պարզաբանում չի տա, որովհետև դրանք կարող են հարթվել, անցնել, բայց ուզում եմ իմ գործընկերներին կոչ անել, որ բարեկրթության խրատներ, դաստիարակչական խրատներ տալուց առաջ պետք է հիշել սեփական գործողությունները և սեփական ասելիքը: Ես չեմ կարող որևէ մեկին խորհուրդ տալ, եթե ես այդ խորհուրդներին չեմ հետևում»։

Այնուհետև պատգամավորն ավելացրեց.

«Եթե մեր գործընկերները պետք է ամբիոնից խոսքեր հնչեցնեն և դրանց ի պատասխան մեզնից պահանջեն, որ պետք է մենք լինենք բացառապես մեղմ, լուսավոր, թույլ տանք, որ մեզ վիրավորեն, ապա դա ճիշտ չէ: Հարգանքը լինում է փոխադարձ: Եթե մոնիտորինգ անենք, կհասկանանք, թե ով է սկսում, ով է բացում թեման, ով է քաղաքական խոսույթն իջեցնում ամենացածր մակարդակի»:

 

  • Կիսվել: