երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Դաշնակցության ժողովրդավարությունը թույլ է տալիս, որ շարքերը քննադատեն իրենց ղեկավարությանը․ Իշխան Սաղաթելյան

Դաշնակցության ժողովրդավարությունը թույլ է տալիս, որ շարքերը քննադատեն իրենց ղեկավարությանը․ Իշխան Սաղաթելյան

Դաշնակցության բոլոր ժողովներն են անցնում թեժ, որովհետեւ մենք չենք կարող հանգիստ լինել երկրում ստեղծված իրավիճակով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Շատ է խոսվում, որ Դաշնակցության ժողովը թեժ է անցել, այո, Դաշնակցության բոլորը ժողովներն անցնում են թեժ՝ հատկապես այս մեկը, քանի որ որևէ դաշնակցականը չի կարող հանգիստ լինել մեր երկրում ստեղծված իրավիճակով։ Ունեցել ենք շատ բուռն քննարկումներ, Դաշնակցության ներքին ժողովրդավարությունը թույլ է տալիս, որ Դաշնակցության շարքերը բաց, անկաշկանդ, երբեմն անխնա քննադատեն իրենց ղեկավարությանը, բայց մենք ցանկացած ժողովից հետո դուրս ենք գալիս միասնական և լծվում ենք մեր որոշումներն իրագործելու գործին։ Մենք այս իրավիճակում որեւէ ներքին հարց չունենք, մեր գլխավոր խնդիրն Արցախն ու Հայաստանն է», - ասաց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը հերքեց տեղեկությունը, որ իր եւ Հրանտ Մարգարյանի հարաբերությունները լարված են։

«Հրանտ Մարգարյանն իմ ավագ ընկերն է, ՀՅԴ Բյուրոյի 20 տարվա ներկայացուցիչը, որը մեծ ավանդ ունի և Դաշնակցության, և ՀՀ-ի ու Արցախի պետականության կայացման մեջ։ Մեր միջև որևէ տարաձայնություն չի կարող լինել։ Նման բոլոր խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ես ծանոթ եմ այդ խոսակցություններին․ չկա նման բան և չի կարող լինել»,- ասաց նա։

  • Կիսվել: