երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Դանիայի գործարարների ցանցի ներկայացուցիչները հյուրընկալվել են խորհրդարանում

Դանիայի գործարարների ցանցի ներկայացուցիչները հյուրընկալվել են խորհրդարանում

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, հանձնաժողովի անդամներ Արթուր Խաչատրյանը, Նարեկ Գրիգորյանը, Հայկ Ֆարմանյանը, Նարեկ Բաբայանը և «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել են Դանիայի գործարարների ցանցի (DANEX) ներկայացուցիչների հետ։

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկելու համագործակցության իրական հնարավորությունները։ Լիանա Մանուկյանը կարևորել է պետական ֆինանսների կառավարման ոլորտում թափանցիկ և մասնավոր հատվածի համար կանխատեսելի միջավայրի ստեղծումը։

ԱԺ պատգամավորներն արժևորել են Հայաստանի և Դանիայի միջև տարբեր բնագավառներում փորձի փոխանակումը, երկխոսության ձևավորումը։

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանում մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումներն ու արձանագրված հաջողությունները։

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով։ Անդրադարձ է եղել մեր երկրում օտարերկյա ներդրումների ավելացմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, մարդկային հմտությունների զարգացմանը, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանը։

Կայուն տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից կարևոր է համարվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։

  • Կիսվել: