հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Դա նույնն է, որ վազքի մրցույթում վերջին պահին ժյուրին ասի՝ ճաղատները չեն կարող վազել. Գեղամ Մանուկյան

Դա նույնն է, որ վազքի մրցույթում վերջին պահին ժյուրին ասի՝ ճաղատները չեն կարող վազել. Գեղամ Մանուկյան

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը այստեղ ներկայացնում է, թե խոսքը փոքր վրիպակի մասին է, բայց այդ մի հատ փոքր վրիպակը ընտրություններից երկու ամիս առաջ դարձել է հարց, հայոց հարց, սա մոտավորապես նման է նրան, որ վազքի առաջնությանը վազքուղում մեկ էլ ժյուրին որոշի, որ չէ, կանոնակարգը փոխում ենք, օրինակ, ճաղատները չեն կարող վազել, մենակ կարող են մազ ունեցողները վազել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 7–ին, ԱԺ–ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ընտրություններից երկու ամիս առաջ իշխող ուժը վրիպակ անվան տակ փոխում է խաղի կանոնները։ Այս տրամաբանությամբ հանգիստ կարող են առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, առաջարկեն փոխել, որ ընտրություններին թեկնածու չեն կարող լինել մարդիկ, որոնք կրում են, օրինակ, Գեղամ անունը։ Դուք կարաք անեք դա, որովհետև սահմանագծում չկա ձեր համար։

Ասում են՝ վրիպակ է, Արդարադատության նախարարությունը այդ նախագծերը վերջում տեսել է, հաստատել է, ուղարկել է նախագահին վավերացման, բա ինչի՞ է այդքան մարդ պարգևավճար ստանում լավ աշխատանքի համար, եթե այդպես վրիպակ է թույլ տալիս։

Սա վրիպակ չի։ Վեց օր առաջ դիտորդական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է. «իսկ դուք գիտե՞ք, որ նախքան 25 թվական ընտրական օրենսգրքը արգելում էր, որ կուսակցությունների դաշինքները պարունակեն անձնանուններ, սակայն 2024 թվականի դեկտեմբերին ԿԸՀ-ի առաջարկությամբ առանց քաղհասարակության հետ խորհրդակցելու այդ արգելքը հանվում է։ Ինձ ահագին զարմացնում է իշխանությունից որոշների ինքնավստահությունը, որոնք կարծում են, թե կարող են գաղտագողի փոխել ընտրական օրենսգիրքը»։

Այսպես, ձեզ բացատրել են, որ օրենքը փոխել եք, այսօր ձեր համար վտանգ է, դրա համար «վրիպակ» օպերացիան բերել եք, ներկայացնում եք հայ ժողովրդին, իբր բարելավման համար»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ըստ առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր»։

Դիտորդները նշում են, որ այս նախաձեռնությունը հստակ ուղղված է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր  Սամվել Կարապետյանի դեմ, որի անունն ու ազգանունը ներառված են իր կուսակցության՝ «Հզոր Հայաստան»-ի կողմից ստեղծված ընտրական դաշինքի անվանման մեջ:

 

  • Կիսվել: