Դա դավաճանության հասնող ցինիզմ է. Մամիջանյանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
Նորություն չէ, որ իրենք չեն հարգում անգամ իրենց գրած փաստաթղթերը, մասնավորապես կառավարության ծրագիրը. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գրված է թե՛ իրենց ծրագրում, թե՛ ՀՀ ռազմավարության մեջ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարությանը, թե Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի առաջնահերթությունների մեջ չէ:
«Այսօր ՀՀ արտգործնախարարությունն ասում է, որ ՀՀ-ն նման առաջնահերթություն չունի: Երբ տարիներ առաջ ասում էինք՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն գալիս են իշխանության Արցախը հանձնելու ու Ցեղասպանության հարցը մոռացության մատնելու համար, երկուսն էլ այսօր, ցավոք սրտի, իրողություն են:
Արցախը հանձնված է, իսկ Ցեղասպանության ճանաչման հետ կապված ՀՀ արտգործնախարարն ասում է, որ նման առաջնահերթություն չկա»,-ասաց Մամիջանյանը։
Պատգամավորը հավելեց, որ այս իշխանությունները Ցեղասպանության ճանաչման համար ոչ մի բան չեն էլ արել. «Վերջին 6 տարում Ցեղասպանության ճանաչման հետ կապված ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել Հայ դատի, ազգային կուսակցություների, անհատների աշխատանքի շնորհիվ: Իրենք ոչ մի բան չէին էլ անում, հայտարարել են, որ չեն էլ անելու, դա ուղղակի ցինիզմի գագաթնակետն է: Դա դավաճանության հասնող ցինիզմ է: Դա մի նոտա չէ, արդեն երգ է: Իրենք նաև հայտարարում են, որ ՀՀ-ի տարածքներն օկուպացված են, բայց ոչինչ չեն անելու՝ ադրբեջանցիներ են, դե եկել նստել են, գերիների մասով ասում են՝ կսպասենք, խաղաղության պայմանագրի մեջ գերիների վերադարձի մասին խոսք չկա: Այդ երգը կոչվում է թուրքական դուդուկի տակ պարել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: