«Չպետք է տեղ թողնենք կոռուպցիայի լճերի ձևավորման համար». վարչապետ
«Այս համակարգը կարևոր է ապապետությունից պետության անցման տրամաբանության մեջ». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման համակարգին։
Ըստ նրա, սա համակարգ է, որ պետականազուրկ ժողովրդի գործելակարգից պետք է առաջնորդի դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ։ Նա նշել է, թե նպատակները մի քանիսն են, այդ թվում՝ հակակոռուպցիոն պայքարի ու կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելը.
«Կոռուպցիան իրականում միայն բարձրաստիճան ու ոչ բարձրաստիճան պաշտոնյաներով չի սահմանափակվում»,- ասել է նա՝ հավելելով, որ տեղ չպետք է թողնել կոռուպցիայի լճերի ձևավորման համար։
Նա նշել է, որ համաձայն չէ խոսույթի հետ, թե պետությունը մտնում է քաղաքացու գրպանը։