երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Չնայած խաղաղության պայմանագրին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, և այն պետք է լուծվի. ԱՄՆ դեսպան

Չնայած խաղաղության պայմանագրին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, և այն պետք է լուծվի. ԱՄՆ դեսպան

Կասկածից վեր է, որ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց պատերազմը կանգնեցնելու առումով, սակայն թեև պատերազմը կանգնեցվել է կոնկրետ գործողությամբ, մենք տեսնում ենք, որ առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Այնպես որ, մի քանի հարցեր կան, որ դեռ մնում են օրակարգում ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների համար։ Եվ մենք մտադիր ենք այս հարցերին հետամուտ լինել։ Լուծման կարոտ հարցերի շրջանակին, իհարկե, անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է: Եվ դա միայն Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը չէ: Հենց անցյալ շաբաթ ես Սյունիքում էի: Սա իմ չորրորդ ուղևորությունն էր Սյունիք, առաջինը` պատերազմից հետո: Եվ ես, անշուշտ, տեսա հակամարտության այն հետևանքները, որոնք հասել են Սյունիքի հայերի տներ, երբ ճանապարհին մեծ թվով զինվորականների ներկայություն կա՝ հայ, ադրբեջանցի և ռուս զինծառայողների՝ սահմանի պատճառով, որ այժմ անցնում է հիմնական ճանապարհի վրայով: Ես հանդիպեցի տեղահանված անձանց հետ, ովքեր դեռ օգնության կարիք ունեն, և սա այն ոլորտն է, որտեղ Միացյալ Նահանգները շատ ներգրավված է եղել»,- նշեց դեսպանը:

Նա հավելեց, որ ԱՄՆ առաջիններից էր, որ օգնություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներսում:

«Ինչպես ասացի, սա շարունակական իրավիճակ է: Եվ հետո կան տնտեսության հետ կապված հարցեր, և ես կրկին հնարավորություն ունեցա տեսնել մի շարք բիզնեսներ: Ոմանք իրականում որոշակի առումով խոստումնալից են, բայց ոմանք էլ օգնության կարիք ունեն: Եվ ինչպես ասացի, դա շատ բարդ է։ Կարծում եմ, հենց այս պատճառով է, որ Հայաստանի բարեկամներից շատ ինտենսիվ ջանքեր են պահանջվելու: Եվ ես կցանկանայի նշել, որ կան նաև այլ արևմտյան երկրներ. ԵՄ-ն շատ ներգրավված է և պատրաստվում է համատեղ ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և տարածաշրջանին կայունություն և խաղաղություն հաստատելու այս երկարաժամկետ հարցերում»,- ընդգծեց դեսպանը։

  • Կիսվել: