կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Չկա և չի կարող լինել գաղտնի հավելված, սա ինքնին գաղտնի աշխատանքային փաստաթուղթ է. Փաշինյան

Չկա և չի կարող լինել գաղտնի հավելված, սա ինքնին գաղտնի աշխատանքային փաստաթուղթ է. Փաշինյան

Վստահ չեմ, որ առաջադրված հարցերի լուծման տեսակետից այս քննարկումն օգտակար է, բայց հանրությանն իրազեկելու տեսակետից, անշուշտ, օգտակար է: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես արդեն հասցրել եմ վերջին օրերին տեղի ունեցող գործընթացը վերնագրել՝ ՛՛Ասք այն մասին, թե ինչպես իրեն ընդդիմություն հորջորջող որոշ շրջանակներ ամեն ինչ անում են, որ ադրբեջանական զորքը հանկարծ չլքի ՀՀ տարածքը՛՛ եւ հիմա փորձեմ դրա մասին մանրամասն խոսել:

Բոլորս գիտենք, թե ինչ է եղել մայիսի 12-ին: Ես նախորդ նիստին այդ պահից մեր գնահատականներին, գործողություններին անդրադարձել եմ եւ ուզում եմ ասել, թե մեր գործողություններն ինչ արդյունքներ են տվել:

Իմ գնահատականը մնում է այն, որ Ադրբեջանի գործողությունների նպատակը սահմանային ռազմական բախում հրահրելն էր ՀՀ ինքնիշխան տարածքի ամենանեղ հատվածում, որը մոտ 236 կմ է եւ շղթայական ռեակցիայով ժամերի ընթացքում այդ գործողությունները տեղափոխել ՀՀ տարածքի խորք, չնայած այս դեպքում խոր ասվածը հարաբերական է: Հետագայում կարող էին լինել այլ իրադարձություններ, բայց կարող էր տեղի ունենալ փաստ, որը շտկելը իր մեջ բարդություններ կներառեր՛՛:

Փաշինյանը հավելեց, որ, իրադրությունը գնահատելով, իրենք որոշել են գնալ իրադրությունը հսկողությունից բաց չթողնելու եւ դիվանագիտական եղանակներով հարցը կարգավորելու ճանապարհով:

Նրա խոսքով՝ Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ արդյունավետ են, որովհետեւ միջազգային հանրության շրջանում, ըստ էության, իրավիճակի վերաբերյալ կա կոնսենսուս, որով արձանագրվում է Ադրբեջանի գործողությունների ապօրինությունը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքը նրանց լքելու անհրաժեշտությունը:

Փաշինյանը տեղեկացրեց նաեւ, որ րոպեներ առաջ Եվրախորհրդարանն ընդունեց մեր ռազմագերիների վերադարձի հետ կապված բանաձեւ եւ վերջին պահին լրացում կատարվեց բանաձեւում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ: 607 պատգամավոր կողմ քվեարկեց, 28 պատգամավոր դեմ:

Նա ասաց. ՛՛Երբ խոսում եմ միջազգային կոնսենսուսի մասին, պետք է արձանագրեմ, որ այդ կոնսենսուսի մի հատվածը հրապարակայնորեն արտահայտված է, մի հատվածը գյություն ունի աշխատանքային մակարդակում:

Մեր դիրքորոշումը մնում է այն, որ Ադրբեջանի ուժերը պետք է լքել ՀՀ տարածքը առանց նախապայմանների: Քանի որ կա փաստ, որ մենք չունեն դելիմիտացված եւ դեմարկացված սահման Ադրբեջանի հետ, այստեղ ծագում է մի կարեւոր հարց: Լավ, այս իրադրությունը լուծեցինք, եթե հաջորդ փուլում նորից նման իրավիճակ ստեղծվի, ամեն անգամ միջազգային աղմուկ, միջազգային կոնսենսուս ձեւավորելու ճանապարհո՞վ ենք գնալու:

Ի վերջո, մենք ունենք մի իրադրություն, որը ձեւավորվել է եւ այդ իրադրությունը պետք է կառավարվի: Այդ ընթացքում ձեւակերպվել է առաջարկ՝ ձեւավորել եռակողմ հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցերով: Ես կոռեկտ չեմ համարել, որ աշխատանքային փաստաթուղթը կառավարությունը հրապարակի, դա անլուրջ վիճակի մեջ կդնի որեւէ կառավարության: Բայց քանի որ այն հրապարակված է ընդդիմության կողմից, դա այն միակ ու եզակի փասաթուղթն է, որը 1,5 օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ:

Այդ փաստաթղթում ո՞րն է ամենակարեւոր դրույթը. Դա այն է, որ կողմերը պարտավորվում են, որ սահմանային իրադրությունները լուծում են ոչ թե զորքերի շարժերով, այլ միայն դիվանագիտական քաղաքական ճանապարհներով:

Ընդ որում, ուզում եմ ասել՝ արդյո՞ք սա նոր գաղափար է: Ոչ, որովհետեւ ես այդ մասին հայտարարել եմ այս ամբվիոնից, ԱԽ մայիսի 17-ի նիստում, երբ ասել եմ, որ Ադրբեջանն ուզում է, որ սահմանների ճշտման գործընթացը տեղի ունենա երկկողմ ֆորմատով, բայց քանի որ մենք Ադրբեջանի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, մեր դիրքորոշումն այն է, որ դա պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով:

Բայց մյուս կողմից շատ կարեւոր , որ մենք արձանագրել ենք, որ կամ այդ հանձնաժողովների ձեւավորումը պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կլքի մեր երկրի տարածքը, կամ մենք փաստաթղթի մեջ կարձանագրենք ժամկետ, որ ասենք 2-3 օրերի ընթացքում այդ գործընթացը տեղի է ունենում: Սա է ամբողջ պատմությունը՛՛

Փաշինյանը նաեւ վստահեցրեց. ՛՛Չկա եւ չի կարող լինել գաղտնի հավելված: Սա ինքնին գաղտնի աշխատանքային փաստաթուղթ է՛՛:

 

  • Կիսվել: