երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Չկա այդպիսի տարբերակ, որ մենք որևէ փաստաթուղթ ստորագրենք՝ առանց զորքերի դուրսբերման. Փաշինյան

Չկա այդպիսի տարբերակ, որ մենք որևէ փաստաթուղթ ստորագրենք՝ առանց զորքերի դուրսբերման. Փաշինյան

Սահմանազատման վերաբերյալ նոր աշխատանքային փաստաթղթի առնչությամբ Հայաստանը ներկայացրել է երկու առաջարկ, և դրանից հետո ոչ մի արձագանք չի ստացել: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե արդյոք Փաշինյանը պատրաստվում է ստորագրե, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես հայտարարել եմ, որ չկա այդպիսի տարբերակ, որ մենք որևէ փաստաթուղթ ստորագրենք առանց զորքերի դուրսբերման: Մենք առաջարկել ենք երկու տարբերակ՝ կամ ադրբեջանական զորքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում համաձայնեցված թղթի ստորագրումը, կամ ստորագրված թղթի մեջ հստակ ձևակերպվում է, թե քանի օրվա ընթացքում և ուր են դուրս գալիս, որտեղից են գնում Ադրբեջանի զորքերը:

Դեռ այն ժամանակ, երբ փաստաթուղթը չէր հրապարակվել, չէր արտահոսել, մենք երկու գրավոր առաջարկ ենք ներկայացրել դրա բովանդակության վերաբերյալ՝ գերիների ամբողջական վերադարձի վերաբերյալ, և երկրորդը՝ տվել ենք կոորդինատներ, թե Ադրբեջանի զորքերը որ կոորդինատներից անդին պետք է լինեն: Այդ պահից սկսած ոչ մի արձագանք չենք ստացել: Այսինքն՝ այդ պահից սկսած որևէ նոր բան տեղի չի ունեցել՛՛:

Նա վստահեցրեց, որ  այդ փաստաթղթի հետ կապված որևէ այլ բան տեղի չի ունեցել:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից անդին, այլ տարբերակ չկա, չի քննարկվում և չի կարող քննարկվել:

Նա նաև ասաց, որ չգիտի, թե ում հետ է համաձայնեցված Ադրբեջանի այդ ծրագիրը, բայց ենթադրեց, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել:

՛՛Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այս ծրագիրը, բայց քանի որ կոնկրետություն չկա, մենք այդ ուղղություններով պետք է աշխատենք: Եվ անհրաժեշտության դեպքում, երբ ունենանք հիմնավոր տեղեկություն, որ ինչ-որ միջազգային սուբյեկտների հետ այդ ծրագիրը համաձայնեցված է, պետք է նաև մեր ժողովրդին բաց, հրապարակային ասենք:

Եվ գուցե պետք է մեր ժողովրդին բաց հրապարակային ասենք վերջին 3,4,5, գուցե 10 տարվա իրադարձությունների մասին: Աղմուկի մեջ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ վերջին 15 տարվա ընթացքում՛՛,-ասաց Փաշինյանը:

Նա նհավելեց, որ այս փուլում Հայաստանը շարունակում է աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ, առաջիկայում սպասվում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի այցը ՌԴ: ՛՛Մենք, կարծում եմ, որ որոշ հարցերի պատասխան պետք է ստանանք և շարունակենք խորացնել մեր համագործակցությունը ՀԱՊԿ մեր գործընկերների և անվտանգային թիվ մեկ դաշնակից ՌԴ-ի հետ՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: