շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չի կարող, օրինակ, լինել մի սցենար, որտեղ մեր վերահսկողության տակ գտնվող անկլավները կանցնեն Ադրբեջանին, բայց հակառակը տեղի չի ունենա. Հովհաննիսյան

Չի կարող, օրինակ, լինել մի սցենար, որտեղ մեր վերահսկողության տակ գտնվող անկլավները կանցնեն Ադրբեջանին, բայց հակառակը տեղի չի ունենա. Հովհաննիսյան

Պարոն վարչապետն անդրադարձել է վերջին հանդիպումից հետո արված հայտարարությանը, որտեղ փոխադարձաբար խոսվել է տարածքային ամբողջականությունները ճանաչելու մասին: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով անկլավների հարցին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Այստեղ նոր բան չկար, կարելի է ասել՝ նորությունը Ադրբեջանի կողմից ՀՀ-ի 29.8 քառ. կմ տարածքի ճանաչումն էր, և ՀՀ-ի կողմից Ադրբեջանի 86.6 քառ. կմ տարածքը ճանաչելը: Բայց այս նախադասությունն ունի շարունակություն. սա որևէ կերպ չի կարող խոչընդոտել Արցախի ժողովրդի իրավունքների իրացմանը: Անկլավների թեման դեռևս քննարկման առարկա պետք է դառնա: Անկլավներին անդրադարձ կատարվում է այս կոնտեքստում, որովհետև 86.6-ի, ինչպես որ 29.8-ի մեջ  մտնում են նաև անկլավները: Այսինքն՝ ՀՀ-ի 29.8 քառակուսի կմ սուվերեն տարածքը մեր իմացած տարածքն է՝ պլյուս անկլավը՝ Արծվաշենը: Նույնը նաև հայելային արտահայտվում է 86.6-ի  դեպքում, որի մեջ մտնում են անկլավները, որոնք գտնվում են ՀՀ-ի տիրապետության տակ: Բայց անկլավների հարցը մի շարք խնդիրներ ունի, որոնք վերաբերում են անկլավների իրավական հիմքերին, հետագա քննարկումներին, որոնց արդյունքում հնարավոր է տարբեր լուծումներ լինեն, օրինակ՝ անկլավներ մնան այն երկրների տիրապետության տակ, որի տակ եղել են մինչ այժմ»,-ասաց Հովհաննիսյանը:

Հարցին,  թե Տիգրանաշենը մտնելո՞ւ է Ադրբեջանի կազմի մեջ՝ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ձեր հարցադրումն այս պահին չունի պատասխան, քանի որ բանակցությունների ընթացքում սցենարները կարող են տարբեր լինել: Մենք խոսում ենք գրեթե քառակուսի կիլոմետրերով հավասար տարածքների մասին, և անկլավների հարցը բանակցություններում դեռ պետք է քննարկվի: Բնականաբար, ՀՀ իշխանությունները բացառապես պետք է ելնեն ՀՀ-ի պետական շահերից: Չի կարող, օրինակ, լինել մի սցենար, որտեղ մեր վերահսկողության տակ գտնվող  անկլավները կանցնեն Ադրբեջանին, բայց հակառակը տեղի չի ունենա: Մենք չպետք է թվերով խոսենք, բանակցությունները շատ նուրբ երանգներ են պարունակում, և խոսքը ոչ թե անկլավների քանակի մեջ է, այլ մենք պետք է դրանց քառակուսի կիլոմետրերը հաշվենք»:

  • Կիսվել: