Չի կարող հայ մարդը հանդուրժել այն իշխանությանը, որը մեր պետությունը կանգնեցրեց աղետի եզրին. Սաղաթելյան
Այսօր Երևանի Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛՝ փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքը, դատելով արձագանքներից, բավականին բազմամարդ է լինելու, շարժման լիդերները նույնպես ներկա են լինելու:
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ որոշակի լարվածություն կա կուսակցությունների ղեկավարների միջև, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց․ ՛՛Այդ տեղեկությունները սովորաբար դուք տարածում եք, մենք հերքում ենք։ Չկա նման բան, նորմալ, կառուցողական, գործնական հարաբերություններ ունենք՛՛։
Հարցին՝, թե կարելի՞ է ասել, որ փետրվարի 20-ի հանրահավաքի մեկնարկից հետո գործողությունների հաջորդականությունը բերելու է նրան, որ գործող իշխանությունը հեռանա, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն արձագանքեց․ ՛՛Մեր ամբողջ նպատակը հենց դա է։ Հանրահավաքներն ինքնանպատակ չեն, մեր գլխավոր նպատակն այս իշխանություններին օր առաջ, րոպե առաջ հեռացնելն է, և մեր բոլոր գործողությունները, այդ թվում՝ փետրվարի 20-ի հանրահավաքն ու դրանից հետո տեղի ունեցող գործողությունները բխելու են այդ նպատակից՛՛։
Խոսելով այն մասին, թե իշխանությունն ասում է, որ իր հրաժարականի պահանջ չկա, ինչը փաստում են իրենց անցկացրած հարցումները, Սաղաթելյանն ասաց․ ՛՛Հանրային պահանջի հարցումն իրենք արել են կա՛մ իրենց խմբակցության ներսում, կա՛մ Ադրբեջանի խորհրդարանում: Ես առաջարկում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փաստի, որ 850,000 ընտրող ունի, կտեսնենք՝ քանի ընտրող ունի։
Երբ ասում է՝ հասարակական պահանջ չկա, դրանով վիրավորում է մեր ժողովրդին, հասարակությանը։ Չի կարող հայ մարդը հանդուրժել այն իշխանությանը, որը մեր պետությունը կանգնեցրեց աղետի եզրին։ Հասարակական պահանջ կա, և այս իշխանությունը պետք է հեռանա՛՛