երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա․ «Հրապարակ»

Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո ՔՊ-ականները գուշակություններ էին անում, թե ով է դեմ քվեարկել նրա թեկնածությանը` դեմ գնալով քաղաքական որոշմանը։ Գաղտնի քվեարկությամբ Թորոսյանը ստացել էր 64 կողմ, 1 դեմ, ընդդիմադիրները չէին մասնակցում քվեարկությանը: Չեն մասնակցել նաև ՔՊ-ից հեռացած Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը:

ՔՊ-ն փնտրում էր «դավաճանին», և շատերի համար թիվ մեկ կասկածյալը Լուսինե Բադալյանն է, որը հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից և ոմանց մոտ անկեղծացել, թե չի կարող Թորոսյանի տեղակալը դառնալ, քանի որ մինչև վերջերս քննադատել է առողջապահության ոլորտում նրա վարած քաղաքականությունը։

Ի դեպ, Բադալյանին հնարավոր փոխարինող է դիտվում հանձնաժողովի անդամ, գյումրեցի Էմմա Պալյանը, սակայն ՔՊ-ում նրա թեկնածությանն այնքան էլ միանշանակ չեն վերաբերվում: Չի բացառվում, որ հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա` այն հանձնաժողովների նման, որտեղ պետք է փոխնախագահի պաշտոններն ընդդիմության քվոտայով համալրվեին, սակայն ընդդիմությունը հրաժարվեց այդ պաշտոններից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: