երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չեմ ընկալում ձեզ, որպես հայրենասեր իշխանություն, դրանից հետևում է, որ ինձ չի հետաքրքրում ձեր քվեարկությունը․ Մամիջանյանը՝ ՔՊ-ին

Չեմ ընկալում ձեզ, որպես հայրենասեր իշխանություն, դրանից հետևում է, որ ինձ չի հետաքրքրում ձեր քվեարկությունը․ Մամիջանյանը՝ ՔՊ-ին

Դուք հայտարարում եք, որ ձեզ չի հետաքրքրում, թե ՔՊ խմբակցությունն ինչպես կքվեարկի, բայց դուք նաեւ գիտեք, որ թեկնածուն կըտրվի, եթե ՔՊ-ն կողմ քվեարկի, եւ չի ընտրվի, եթե չքվեարկի. Հետեւաբար հարց՝ ձեզ հետաքրքրո՞ւմ է՝ ձեր ներկայացրած թեկնածուն կընտրվի՞ թե՞ ոչ: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին, հարց ուղղեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են  Անահիտ Սարգսյանին՝ որպես համաձայնեցված թեկնածու:

Արձագանքելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցադրումներին, Մամիջանյանն ասաց. «Մի անգամ էլ կասեմ, բայց երևի ավելի դանդաղ, որ երրորդ անգամ կրկնելու կարիք չառաջանա։ ՀՀ-ին կլինի օգուտ, եթե կոմպետենտ թեկնածու Անահիտ Սարգսյանն աշխատի մրցակցության պաշտպանության հանձնաժողովում։

Իսկ ինչ վերաբերում է ձեր քվեարկության հետաքրրքել, չհետաքրքրելուն, կարծում եմ՝ ես խոսքի ու գործի շեղում երբեք չեմ առաջացրել ու եթե ես ասում եմ, որ չեմ ընկալում ձեզ որպես հայրենասեր իշխանություն, դրանից հետևում է, որ ինձ չի հետաքրքրում ձեր քվեարկությունը։ Իրոք որևէ մեկդ ակնկալիք ունեիք, որ ես պետք է գամ ու խնդրեմ քվեարկել մեր թեկնածուի օգտի՞ն, ձեր ակնկալիքը կմնա զուտ ակնկալիք, հակառակ դեպքում կտուժի հանձնաժողովը»:

Ռուբեն Ռուբինյանը կրկին հարցրեց. «Այդպես էլ չհասկացա՝ հիմա ձեզ հետաքրքրո՞ւմ է՝  կընտրվի՞ ձեր ներկայացրած թեկնածուն, թե՞ ոչ»։

Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Դանդաղն էլ չփրկեց, երեւի անգլերեն ասեմ: Ես գիտեի՝ ԱԺ եմ գալիս զեկուցելու, ոչ թե դպրոցական հանդեսի։ Ես ինքս եմ որոշում՝ ինչպես, ինչ ոճով, ինչ տոնայնությամբ պատասխանել հարցին: Ես հաշվետու են ՀՀ քաղաքացիների առաջ, հաստատ ոչ ձեր:

Նորից կրկնում եմ՝ ինձ հետաքրքրում է  Անահիտ Սարգսյանի հանձնաժողովի անդամ դառնալը, որովհետև վստահ եմ՝ որպես կոմպետենտ մասնագետ կարող է իր փորձը ներդնել իր աշխատանքային գործունեությունը որակյալ իրականացնելու համար, բայց դուք ոնց եք քվեարկելու, ինձ հետաքրքրքում է մի քիչ  ավելի քիչ, քան փոկերի գլխաքանակը»։

Ռուբինյանն էլ արձագանքեց. «Տիկին Սարգսյան, ավելի լավ էր ձեզ չներկայացներ պարոն Մամիջանյանը, ինչը, ի դեպ, չի նշանակում, որ մենք որոշում ունենք ձեր մասով: Մյուս անգամ, երբ մեկը ձեզ ներկայացնելու լինի, ես ձեզ խորհուրդ կտամ այլ մարդ ընտրել դրա համար»:

Մամիջանյանն էլ ասաց. «Ես էլ խորհուրդ կտամ իմանաք, որ ես եմ որոշում՝ ով ներկայացնի, ոչ թե Անահիտ Սարգսյանը»:

Ռուբինյանը կոչ արեց Մամիջանյանին լռել, քանի որ խոսք չի տվել իրեն:

  • Կիսվել: