ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստան և չեմ ներելու հանուն քեզ, Արցախ. Բագրատ Սրբազանի նամակը ՔԿՀ-ից

Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստան և չեմ ներելու հանուն քեզ, Արցախ. Բագրատ Սրբազանի նամակը ՔԿՀ-ից

Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելիներ, ցավոք, այս պահին միայն այս կերպով կարող եմ հաղորդակցվել ձեզ հետ այս մեծ և կարևորագույն օրվա՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման առիթով։

Սեպտեմբերի 2-ը մեր պատվի և արժանապատվության վերականգնման կարևորագույն հանգրվաններից մեկն է եղել և մնում՝ տոն, որը Աստվածատուր է՝ նվաճված մեր բազում եղբայրների ու քույրերի արյան ու տառապանքի գնով։

Ի հեճուկս բոլոր ստրկածինների և նրանց գլխավորի, Արցախյան ոչ թե շարժումը, այլև հատկապես հաղթանակն ու պայքարը շարունակվելու է, իսկ ուրացումը, վստահ եմ, կստանա իր բաժին պատիժը։

Այսու, կոչ եմ անում և հորդորում մեր բոլոր աջակիցներին և համակիրներին Սեպտեմբերի 2-ին «Ազատության» հրապարակում մասնակցել Միասնության հանրահավաքին՝ թե՛ ներքին ուրացողներին և թե՛ արտաքին աշխարհին ևս մեկ անգամ փաստելու և վկայելու, որ մեզ ո՛չ հաղթել և ո՛չ էլ առավել ևս սպանել չի լինի, որքան էլ զորանան դարձյալ պարտության են մատնվելու, զի Աստված ընդ մեզ է։

Շատ պիտի փափագեի Սեպտեմբերի 2-ին՝ այդ սրբազան օրը տեսնել և ողջագուրվել բոլորիդ հետ… Համարեք, որ այդպես է՝ տեսնել ձեր անկոտրում կամքը, անսասան հավատքը, վառվող աչքերը և անմնացորդ սերը հանդեպ մեր Արցախ աշխարհը, մեր ինքնություն և մեր հաղթանակող Հայաստան աշխարհը։

Հիշե՛ք, մի՛ վախեցեք, այլ միայն հավատացեք։

Հաղթանակն այլընտրանք չունի…

Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստան և չեմ ներելու հանուն քեզ, Արցախ»:

  • Կիսվել: