հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չեմ կարծում, որ Հադրութի եւ մյուս տարածքների հանդեպ Ադրբեջանն ունի իրավական հիմքեր․ առաջիկա չորս-հինգ տարում մեզ հետաքրքիր զարգացումներ են սպասվում․ Ղազարյան

Չեմ կարծում, որ Հադրութի եւ մյուս տարածքների հանդեպ Ադրբեջանն ունի իրավական հիմքեր․ առաջիկա չորս-հինգ տարում մեզ հետաքրքիր զարգացումներ են սպասվում․ Ղազարյան

«Կարեւոր է մարդու իրավունքների հարցերով միջազգային կազմակերպություններում, մշտադիտարկման հանձնաժողովներում ստեղծել համաեվրոպական կարծիք այն մասին, որ Ադրբեջանը վարել է անարդարացի, անօրինական պատերազմ: Այս փաստարկն ապագայում մեզ շատ է պետք գալու, որպեսզի առաջ տանենք մեր դիրքերը տարբեր դատարաններում՝ ընդհուպ մինչեւ Հադրութի եւ Արցախի տարածքի դեօկուպացիայի հարցը, որը, կարծում եմ, մոտ ապագայում կբարձրաձայնվի»,-«Հոդված 3» մամուլի ակումբի առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը` անդրադառնալով ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստով հայկական կողմի հասցեագրած գանգատների համատեքստում առաջիկա հնարավոր զարգացումներին:

Արա Ղազարյանը շեշտեց. «Խոսքը չի վերաբերվում յոթ տարածքներին, այլ այն տարածքներին, որոնք Արցախը 91թ.-ին հանրային իրավունքի ուժով՝ անկախության հանրաքվեով հայտարարել է անկախ: Այդ հանրաքվեի օրինականությունը դեռ որեւէ երկիր կասկածի տակ չի դրել այս ընթացքում: Կառավարությունն ինչ-որ նախաձեռնել է՝ լավ է, բայց կարծում եմ՝ մասնավոր խմբերը, իրավապաշտպաններն ու փաստաբանները եթե հաջողությամբ կարողանան ստեղծել փաստերի եւ ապացույցների առարկություն, այդ թվում՝ ՄԻՊ-ի հսկայական աշխատանքը, միջազգային ատյաններում կկարողանանք հաջողությամբ հարուցել վարույթներ եւ ներկայացնել պատերազմի անարդարացի բնույթը: Դա կօգնի, որպեսզի ՀՀ-ի քրեական հետապնդման մարմիններն անհատական քրեական հետապնդումներ սկսեն ՀՀ սահմաններից դուրս: Օգտագործելով միջազգային մեխանիզմները՝ այնպես կարող են անել, որ հայաստանյան քրեաադատավարական կարգի արդյունքներով դրսում կոնկրետ անձանց նկատմամբ հետապնդումներ իրականացվեն:

Օրինակ՝ այն անձը, որը տեսանյութերում հաճախ է երեւում, կատարում է հանցագործություն, ռազմագերիների հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունք: Առնվազն այդ անձանց հանդեպ կարելի է սկսել քրեական հետապնդում, որովհետեւ Ադրբեջանը դա անում է՝ չունենալով հիմք, իսկ մենք ունենք հիմք եւ պարտավոր ենք դա իրականացնել»:

Արա Ղազարյանը համոզված է, որ առաջիկայում իրավական դաշտում մեծ զարգացումներ են սպասվում, եւ դա վերաբերում է նաեւ Արցախի տարածքների դեօկուպացիային՝ այն տարածքների, որոնք Ադրբեջանը զավթել է այս պատերազմում.

«Չեմ կարծում, որ Հադրութի եւ մյուս տարածքների հանդեպ Ադրբեջանն ունի իրավական հիմքեր: Առնվազն առաջիկա չորս-հինգ տարում մեզ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, եթե հետեւողական աշխատանք արվի»:

Գրում է Aravot.am-ը

  • Կիսվել: