երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
ԵԽ Բաքվի գրասենյակի ղեկավարը ՄԻԵԴ-ի որոշումից հետո կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

ԵԽ Բաքվի գրասենյակի ղեկավարը ՄԻԵԴ-ի որոշումից հետո կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

2016 թվականին հայ սպային խոշտանգելու, սպանելու և գլխատելու փաստը ՄԻԵԴ-ի կողմից օրեր առաջ ճանաչվելուց հետո ԵԽ Բաքվի գրասենյակի ղեկավար Պետեր Ցիխը կանչվել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման ընթացքում դեսպանին «վճռական բողոք» է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հունիսի 18-ի որոշման կապակցությամբ: Նախարարությունում այդ որոշումն անվանել են «անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի նորմերին հակասող»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհ է նաև դատավճռում «միջազգայնորեն ճանաչված երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը հակասող» եզրույթների կիրառումից:

Մասնավորապես, դժգոհության մեծ ալիք է բարձրացրել «Ադրբեջանի և ԼՂՀ–ի միջև շփման գիծ» ձևակերպման օգտագործումը, ինչպես նաև բանակի, իշխանության մարմինների, գլխավոր դատախազի և Լեռնային Ղարաբաղի ՄԻՊ–ի հիշատակումը. ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը դա անվանել է «նախկին անօրինական անջատողական ռեժիմը լեգիտիմացնելու փորձ»։

Ադրբեջանը հայտարարել է, որ մերժում է դատարանի այս որոշումը, ինչպես նաև մտադիր է դիտարկել իր շահերի պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները և համապատասխան քայլեր ձեռնարկել:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից 10 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց 4–օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից դաժանաբար խոշտանգված և սպանված հայ զինծառայող Հայկ Թորոյանի գործով վճիռը:
Հայ իրավաբանների համակարգված աշխատանքի շնորհիվ այս պահի դրությամբ ՄԻԵԴ է ներկայացվել 23 բողոք, որոնք բացահայտում են 4–օրյա պատերազմի հետ կապված պատերազմական հանցագործությունները:

  • Կիսվել: