կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Չեմ կարծում, որ ապագա համաներումները տարածվելու են ընտրակաշառքի գործերի վրա. Փաշինյան

Չեմ կարծում, որ ապագա համաներումները տարածվելու են ընտրակաշառքի գործերի վրա. Փաշինյան

Այն մարդկանց, որոնք հույս ունեն վերականգնելու հին ավանդույթները, խորհուրդ չեմ տա, քանի որ չեմ կարծում, որ ապագա համաներումները ընտրակաշառքի գործերի վրա տարածվելու են: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ընտրակաշառք բաժանելու լուրերի վերաբերյալ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ ընտրակաշառքի մասին խոստումն արդեն քրեական հանցագործություն է և ծանր պատասխանատվություն է ենթադրում:

Փաշինյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Ինձ զեկուցել են, որ արդեն կա 3 օպերատիվ գործ՝ մի քանի ուղղություններով, որոնց անձանց շրջանակը պարզված է, նրանց նկատմամբ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում, որոնց մասին նրանք չեն կռահում: Կարող եք հանգիստ լինել, որ անհրաժեշտ միջոցառումները կձեռնարկվեն՛՛:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ կարևոր է, որ իշխանությունը և ընդդիմության մի հատվածը իրար չեն կասկածում ընտրակաշառք բաժանելու մեջ, ինչը, նրա խոսքով, նշանակում է, որ այս հարցում իրենք համագործակցելու սահմանափակում չունեն:

Փաշինյանն ասաց. ՛՛Եթե այս փոխվստահության մթնոլորտը պահենք, վստահ եղեք՝ որևէ այդպիսի մեխանիզմ չի կարող գործել: Կոչ եմ անում հրապարակային համագործակցել այս հարցում և արդյունքներ արձանագրել»՛՛:

  • Կիսվել: