շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Չեմ բացառում, որ ՍԴ-ն այս կազմով որևէ անակնկալ անի. Ռոմանոս Պետրոսյանը` ընդդիմության ՍԴ դիմելու մասին

Չեմ բացառում, որ ՍԴ-ն այս կազմով որևէ անակնկալ անի. Ռոմանոս Պետրոսյանը` ընդդիմության ՍԴ դիմելու մասին

Ես չեմ բացառում, որ ՍԴ-ն այս կազմով որևէ անակնկալ անի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ ՍԴ դիմելու քայլին, որոնք կասկածում են, որ մրցակցային ազատ ու արդար ընտրություններ են անցել։

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է ՍԴ-ն ՔՊ-ի համար անակնկալ որոշում կայացնի, մանավանդ, որ եղել են նաև նախադեպեր, Պետրոսյանը նշեց.

«Ես չեմ բացառում, որ ՍԴ-ն այս կազմով որևէ անակնկալ անի, բայց ընտրությունների մասով, ես համոզված եմ, որ չեն կարող ՍԴ ներկայացնել գեթ մեկ փաստարկ, որը որ իրավական պետության նորմերով, ՍԴ գործիքակազմով կարող է այնպիսի որոշման հանգեցնել, որը որ էական ազդեցություն կթողնի վերջնական արդյունքի վրա»։

Պետրոսյանը նշեց, որ քաղաքական ուժերի իրավունքն է դիմել ՍԴ։ Մատնացույց արեց նաև, որ ընտրությունների հաջորդ օրը Մոսկվայից, Վաշինգթոնից և Եվրախորհրդարանից հնչեցին գնահատականներ, որով շնորհավորում են հայ ժողովրդին նմանատիպ ընտրություններ անցկացնելու և կոչ անում բոլոր քաղաքական ուժերին ընդունելու ընտրությունների արդյուքնները։

«Ներքին քաղաքական ուժերը, ովքեր բողոքարկում են, կամ վերահաշվարկներ են անում, տասնյակ ձայներով գումարում կամ հանվում է, բայց խոշոր խախտումներ, որ էական ազդեցություն կարող է ունենալ արդյունքների վերջնական ամփոփման վրա, չեն կարող մատնացույց անել գեթ մեկ տեղամաս, որտեղ մեր ուժի կողմից նման փորձեր են եղել»։

Անդրադառնալով ՍԴ կազմին, Պետրոսյանը չմեկնաբանեց, թե իրենց օգտի՞ն է այն, թե դեմ, սակայն նշեց, որ ուզում է, որ ՍԴ-ն ինստիտուցիոնալ բարձունքին մնա։

Հունիսի 20-ին Հայաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը գլխավորած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:

  • Կիսվել: