Չէի ցանկանա կանխորոշել ՀԱՊԿ-ում խորհրդակցությունների ընթացքը. Ապիտոնյան
ՀԱՊԿ-ը արձագանքելու երեք օրվա ժամկետ ունի։ Այս մասին այսօր ԱԺ-ում նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը։
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Երեք օրվա ընթացքում մեխանիզմն սկսում է աշխատել։ Մեխանիզմը ենթադրում է արտահերթ խորհրդակցություններ ՀԱՊԿ-ի անդամ երկրների մեջ, որի ընթացքում էլ ձևավորվում է համապատասխան միջոցառումների առաջարկներ։ Միջոցառումների առաջարկներն էլ կախված են իրադարձությունների զարգացումից:
Չորրորդ հոդվածի գործարկման համար անհրաժեշտ է հստակ սահմանել իրավիճակը: Անհրաժեշտություն կար նախ սկսելու քննարկումները ՀԱՊԿ-ի գործընկերների հետ՝ հասկանալու պրոցեդուրաները։ Պետք է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ-ի այս գործընթացը երբեք չի գործարկվել, սա առաջին դեպքն է։ Չէի ցանկանա ՀԱՊԿ-ում խորհրդակցությունների ընթացքը կանխորոշել՛՛:
ԱԳ փոխնախարարը խոսեց նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու մասին և ասաց, որ իրենք իրավիճակի մասին տեղեկացրել են թե՛ ՀԱՊԿ-ի գործընկերներին, թե՛ ԵԱՀԿ-ի գործող նախագահողին, թե՛ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներին:
Ապիտոնյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։Նրա խոսքով՝ նամակն ընթացքի մեջ է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր. ՛՛ՀԱՊԿ-ը Սյունիքում ստեղծված իրավիճակի գնահատմամբ հանդես կգա առաջիկա երեք օրվա ընթացքում՛՛:
Նշենք նաև, որ ՀԱՊԿ-ի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ասել է, որ կազմակերպությունը խորհրդակցություններ կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: