Ցեղասպանություն իրականացվեց նաև Ադրբեջանի կողմից՝ Արցախի բռնազավթմամբ և հայաթափմամբ. վեհափառ Հայրապետ
Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Նիդերլանդների Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Էպպո Բրուինսի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը։
Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց նվիրական այս օրը հյուրերի՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին այցի առիթով, երբ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ այսօր ազգի զավակների ուխտի երթերը դեպի Եղեռնի հուշակոթողներ ուղեկցվում են այն գիտակցությամբ, որ Հայոց Ցեղասպանությունը պիտի համընդհանուր ճանաչում և դատապարտում գտնի, որպեսզի նման ոճրագործություններ երբևէ մարդկային կյանքում չկրկնվեն։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը ցավով անդրադարձավ, որ պարբերաբար ականատես և ականջալուր ենք լինում տարբեր երկրներում իրագործված նոր ցեղասպանությունների` նշելով, որ նման ցեղասպանություն իրականացվեց նաև Ադրբեջանի կողմից՝ Արցախի բռնազավթմամբ և հայաթափմամբ։
Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց Նիդերլանդների Թագավորությանը Ցեղասպանության դատապարտման, ինչպես և դժվարին օրերին Հայաստանին և արցախահայությանը ցուցաբերած զորակցության համար։
Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև երկու ժողովուրդների միջև պատմական կապերին և առկա գործակցությանը՝ գոհունակությամբ նկատելով, որ տեղի հայ համայնքն ակտիվորեն ներգրավված է երկրի զարգացման գործընթացին։
Նախարար Էպպո Բրուինսը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն ընդունելության համար, կիսվեց Հայաստանից ստացած իր տպավորություններով և կարևորեց Հայ Եկեղեցու դարավոր փորձը՝ ի նպաստ փոփոխվող աշխարհում հավատքի և ժամանակակից կյանքի ներդաշնակության։