ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ցավն այն է, որ սա օրենք չէ, որ մտնի ԱԺ. Գրիգոր Սաղյանը՝ ՀԾԿՀ-ի առաջարկի մասին

Ցավն այն է, որ սա օրենք չէ, որ մտնի ԱԺ. Գրիգոր Սաղյանը՝ ՀԾԿՀ-ի առաջարկի մասին

«Այսօր օպերատորների մոտ կա համապատասխան սարք, որը գնում է դեպի ԱԱԾ, էլ ի՞նչ իմաստ ունի օպերատորներին ծանրաբեռնել, որպեսզի նրանք ևս տեղեկությունները պահպանեն»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը՝ խոսելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած առաջարկի մասին, համաձայն որի՝ ինտերնետ պրովայդերները պարտավորվում են պահպանել բոլոր տվյալները երկու տարի:

Սաղյանն ասաց, որ նման առաջարկի համար հիմք է ընդունվել եվրոպական կարգավորումը, սակայն ուշագրավն այն է, որ այդ կարգավորումը Եվրոպայում 2014 թվականից արդեն պարտադիր չէ:

Ըստ բանախոսի՝ երկու խնդիր կա. առաջինը՝ ինչպե՞ս է օպերատորը պահպանում այդ տվյալները, ի՞նչ միջոցներ է ձեռևարկում, որ տվյալներն ուրիշների համար անհասանելի լինեն, և երկրորդը՝ ովքե՞ր ունեն հասանելիություն այդ տվյալներին: ՀԿ-ի փոխնախագահը նշեց, որ ՀԾԿՀ-ը 2017-ին ընդունել է մի կարգավորում, ըստ որի՝ հեռախոսային խոսակցությունները նույնպես պահպանվում են, իսկ միևնույն կառույցի այսօր քննարկվող առաջարկը վերաբերում է ինտերնետին: Գրիգոր Սաղյանն ասաց, որ եթե այս կարգավորումը հակազդեցություն չունենա, ապա նախատեսվում է, որ այն կգործի հունվարի մեկից:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահը կարծում է, որ մեր ունեցած երեք խոշոր օպերատորները կարող են տվյալները պատշաճ կերպով պահպանել, սակայն ունենք նաև հարյուրավոր մանր օպերատորներ, որոնք հեշտությամբ կարող են ենթարկվել հաքերային հարձակումների: Այս պահին Ինտերնետ կառավարման խորհրդում նախատեսվում է քննարկում ՀԾԿՀ առաջարկի թեմայով, մինչդեռ Սաղյանը վստահ է, որ, քանի որ երբ առաջարկն արդեն սկսի գործել, այն կտարածվի նաև անորոշ քանակի անձանց վրա՝ առաջացնելով խնդիրներ, ուստի այս կարգավորումը պիտի մտնի ԱԺ՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, և այնտեղ քննարկվի:

«Ցավն այն է, որ սա օրենք չէ, որ մտնի ԱԺ, սակայն ազդելու է բոլորի վրա: Ես իսկապես չգիտեմ՝ ինչու է ՀԾԿՀ-ն նման առաջարկով հանդես եկել»,-եզրափակեց Գրիգոր Սաղյանը:

  • Կիսվել: