հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ցավալի անկում. Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը անդրադարձել է Նավալնու «թունավորմանը» և դրա արցախյան «աֆթերշոկերին»

Ցավալի անկում. Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը անդրադարձել է Նավալնու «թունավորմանը» և դրա արցախյան «աֆթերշոկերին»

Աշխարհի բոլոր լրատվամիջոցները տարածել են գերմանական «Շարիթե» կլինիկայի հաղորդագրությունը, ըստ որի՝ ռուս ընդդիմադիր գործիչ Նավլանիին, ամենայն հավանականությամբ, թունավորել են: Ինչպես գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը, ոչ ոք դրանում հակառուսական տրամադրությունների գեներացնելու միտում չի տեսել: «Բացառություն են «Հրապարակի» արցախյան աղբյուրները:

Նրանք համարում են, որ եթե Արցախի Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան էջում այդ լուրը տեղ է գտել, ուրեմն փաստն ինքնին ուշագրավ է եւ չի տեղավորվում ավանդական կուրսի մեջ: «Բանն այն է, որ անկախ հայաստանյան իշխանությունների՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում արձանագրված վայրիվերումներից, Արցախը բոլոր ժամանակներում, հայտնի պատճառներով, համարվել է ռուսական ազդեցության տարածք»,- փոխանցել են «Հրապարակի» արցախյան աղբյուրները: Այ քե՜զ բան: Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե Արցախը եղել, կա եւ մնալու է հայկական ազդեցության տարածք: Բայց դա սկիզբն է: Նույն աղբյուրները նաեւ փոխանցել են, որ Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն Մերի Դավթյանն էլ դարձել է «հակառուսական քաղաքականության զոհ»:

Մերի Դավթյանի պրոֆեսիոնալիզմին ոչ ոք չի կասկածում, նա ձեռագիր ունի ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում: Բայց այդ աղբյուրները, չգիտես ինչու, չեն փոխանցել, որ Մերի Դավթյանը ժամանակ առաջ Արցախի Հանրային հեռուստատեսության գլխավոր խմբագրի պաշտոնից էլ է հեռացել, երբ ոչ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ էր, ոչ Արայիկ Հարությունյանն՝ Արցախի նախագահ: Հեռացել է, ձեւավորել իր թիմը եւ մասնավոր հեռուստաընկերություն հիմնադրել:

Գուցե ստեղծագործական կոլեկտիվի հետ նրա տարաձայնությունների արմատներն այդտեղի՞ց են գալիս:Գուցե ոմանք չե՞ն համակերպվել Մերի Դավթյանի աշխատաոճին, չեն ձգել նրա սահմանած նշաձողին: Մերի Դավթյանն անկեղծորեն գրել է, որ տեղյակ էր իր հանդեպ դժգոհություններից: Այս իրավիճակում կար երկու տարբերակ՝ լռեցնել դժգոհներին, հեռացնել հեռուստատեսությունից եւ ռադիոյից կամ գործադիր տնօրենին առաջարկել հեռանալ: Եթե ընտրվեր առաջին տարբերակը, հաստատ գեներացվելու էր տեսակետ, որ իշխանությունները ճնշում են խոսքի ազատությունը եւ այլակարծությունը, տասնյակ աշխատակիցների զրկում օրվա հացից եւ այլն:

Ըստ էության, Նավալնիի մասին լուրի հրապարակումը եւ Մերի Դավթյանի պաշտոնաթողությունը նույն հարթության վրա դիտարկողներին ոչ հայ-ռուսական հարաբերություններն են հուզում, ոչ Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության եւ ոչ էլ Մերի Դավթյանի ապագան: Նրանք մի խնդիր ունեն՝ Ռուսաստանի օգնությամբ Հայաստանում հասնել իշխանափոխության, որից հետո անցնել Արցախում իշխանազավթման: Ցավալի անկում»,- գրում է Աթանեսյանը:

  • Կիսվել: