չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ցանկացած փորձ` հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը․ Այվազյան

Ցանկացած փորձ` հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը․ Այվազյան

Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Հայ դիվանագիտությունը եղել և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում: Հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորն ու անհնարինը` իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը և այդ ձևով վառ պահելու նրանց հիշատակը: Դիվանագիտությունը սիրում է լռություն, ուստի լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ դրանց արդյունքներն ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն: Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից, խնդրում եմ հավատալ և վստահել հայ դիվանագիտությանը»,- ասաց Այվազյանը:

 

Արտգործնախարարը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է, և, լինելով ապաքաղաքական կառույց, ունի մեկ հավերժական նպատակ` ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը:

«Ցանկացած փորձ` հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը: Հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է դիվանագիտություն»,- նշեց Արա Այվազյանը:

  • Կիսվել: