շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Բժշկությունը` բիզնես չէ, առաքելություն է` մարդուն երկրորդ կյանք նվիրելու, նրա կյանքը բարելավելու առաքելություն. «BEՏT LIFE» ԲԿ գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյան

Բժշկությունը` բիզնես չէ, առաքելություն է` մարդուն երկրորդ կյանք նվիրելու, նրա կյանքը բարելավելու առաքելություն. «BEՏT LIFE» ԲԿ գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյան

«Բժշկությունը` բիզնես չէ, առաքելություն է` մարդուն երկրորդ կյանք նվիրելու, նրա կյանքը բարելավելու աստվածատուր առաքելություն»... «BEՏT LIFE» Հայ-ճապոնական Բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ խոսքով, հենց այս գաղափարախոսությունը դարձավ հիմք և գրավական Հայաստանում սրտանոթաբանության ոլորտում մասնագիտացված  համալիր ծառայությաններ մատուցող միակ կլինիկայի ստեղծման և նրա հետագա շոշափելի հաջողությունների համար: 

-Կարեն Մարտինովիչ, ինչպես ասում են, սկսենք սկզբից...ի՞նչպես ծագեց սրտանոթային խնդիրներով զբաղվող մասնագիտացված կլինիկայի ստեղծման գաղափարը` հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում արդեն իսկ գործում էին ոլորտում մասնագիտացված բուժհաստատություններ և ի՞նչով է ձեր կլինիկան տարբերվում այլ նույնապրոֆիլ հաստատություններից: 

-Երեք տարի առաջ, ուսումնասիրելով տարբեր մասնագետների կարծիքներ, ՀՀ-ում սրտաբանության շուկան, ինչու չէ նաեւ հիվանդների կարծիքը, մենք եկանք եզրահանգման, որ այ՛ո, չնայած, ՀՀ-ում սրտաբանությունը լավ հիմքերի վրա է դրված, բայց կոմպլեքս ծառայություններ մատուցող մասնագիտացված կլինիկա չկա։ Այդ իսկ պատճառով  առաջացավ գաղափար` ստեղծել մի կենտրոն, որտեղ կմատուցվեն սրտաբանական բոլոր տիպի ծառայությունները` բարձր մակարդակով եւ որակով` սկսած հիվանդի աշխտորոշումից մինչեւ հայտնաբերված խնդրի իսպառ վերացում։

Տեսեք, ՀՀ-ում կան կենտրոններ, որտեղ կատարվում են սրտի բաց վիրահատություններ, կան կենտրոններ, որտեղ կատարվում են բարձր մակարդակի ստենտավորումներ, կան կենտրոններ, որոնք մասնագիտացած են առիթմոլոգիական ծառայությունների ոլորտում, կան կենտրոններ, որոնք ունեն հրաշալի Շտապ օգնության ծառայություն, կան հաստատություններ, որոնք ունեն հագեցված դիագնոստիկ բաժանմունքներ, ունեն պոլիկլինիկա, ստացիոնար ծառայություններ, բայց, չկար մի կենտրոն, որտեղ կենտրոնացված լինեին թվարկածս բոլոր ծառայությունները: Եվ ահա 2019 թվականին մի խումբ նվիրյալների ջանքերով բացվեց նման կենտրոն` «Best Life-ը», որի հիմքում ընկած է նաեւ գիտահետազոտական աշխատանքը։ «Best Life-ի» հիմնադիրներն են Գարիկ Մխիթարյանը եւ Լեոնիդ Գրիգորյանը, ովքեր տարիներ շարունակ Հայաստանում սրտաբանական շուկայի սարքավորումների և բուժպարագաների խոշոր մատակարար էին հանդիսանում։

Մեր կենտրոնում գործում է անոթային բաժանմունք, որտեղ կատարվում եւ բաց եւ փակ եղանակով անոթայաին վիրահատություններ, աորտայի վրա վիրահատություններ, ներքին քներակային զարկերակի վրա վիրահատություններ։ Միակն ենք, որտեղ կատարվում են  աորտայի փականի վիրահատություններ, ունենք արդեն երեք տասնյակից ավել հաջողված վիրահատություններ։

Կենտրոնում գործում է նաև ինտերվենցիոն սրտաբանության ծառայությունը, որտեղ կատարվում են բոլոր այն ստենտավորումները, որոնք կիրառվում են համաշխարհային պրակտիկայում։ Այսինքն սկսած ցողունային զարկերակի ստենդավորումից մինչեւ քրոնիկ փակ անոթների բացում։ Նման վերջին վիրահատությունը կատարել ենք  աշխարհահռչակ իտալացի վիրաբույժ Ալֆրեդո Գալասիի հետ միասին, ով  հանդիսանումկ է մեր գործընկերը և պարբերաբար այցելում է մեր կենտրոն:

Ունենք առանձին առիթմոլոգիական ծառայություն: Այս ծառայությունը բարձր մակարդակի վրա պահելու համար ամեն ամսվա առաջին տասնօրյակում Մոսկվայից Հայաստան է ժամանում հայտնի առիթմոլոգ Ռոման Օվչինիկովը, ում հետ միասին կատարում ենք վիրահատություններ` տեղում վերապատրաստելով մեր բժիշկներին։

Մեր կենտրոնը հանդիսանում է ճապոնական աշխարհահռչակ «Ասայի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, որը լավագույնն է ինտերվեցիոն միջամտությունների բնագավառում: Մենք նաև աշխարհահռչակ գերմանական  BIOTRONIK ընկերության ներկայացուցիչն ենք, որը լավագույնն է ստենտերի եւ առիթմոլոգիական սարքավորումների առումով, հանդիսանում ենք «Medline» ընկերության ներկայացուցիչը, որը լավագույնն է բժշկական պարագաների շուկայում։

Ամփոելով խոսքս` կարող եմ վստահ ասել, որ «Best Life-ը» նոր խոսք է հայաստանյան բժշկության մեջ: Երբ ուսումնասիրում ես երևանյան այլ կենտրոնների ծառայությունների ցանկը, ապա դժվար է գտնել մի կենտրոն, որն ունի հիվանդությունը սկզբից մինչև վերջ վարելու հնարավորություն: Այդ կենտրոնը կոնկրետ սրտաբանության ոլորտում այսօր «Best Life-ն» է, որտեղ դիմած հիվանդը կարիք չունի որևէ այլ հաստատություն այցելելու ինչ-որ ծառայություն ստանալու համար:

-Պարոն Համբարձումյան, «Best Life-ը» հայ-ճապոնական կենտրոն է, կմանրամասնե՞ք, ինչումն է կայանում ճապոնական կողմի մասնակցությունը կլինիկայի գործունեության մեջ:

-Ինչպես արդեն նշեցի, «Best Life-ը» ճապոնական աշխարհահռչակ «Ասայի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է: Այդ ընկերությունը ունի մեծ գիտահետազոտական բազա: Մենք անընդհատ իրականացնում ենք փորձի փոխանակում: Մենք կարևորում ենք ճապոնական կողմի հետ մասնագիտական պրակտիկ շփումներն ու քննարկումները և կարծում ենք, որ պրակտիկան և թեորիան պետք է համընթաց քայլեն: Բացի այդ, ճապոնական կողմը մասնաբաժին ունի կլինիկայի կառավարման ասպարեզում: 

- Կարեն Մարտինովիչ, Դուք արդեն նշեցիք, որ կլինիկան եզակի է Հայաստանում, որ մատուցում է սրտանոթային համակարգի հիվանդությունների սպասարկման կոմպլեքս ծառայություններ, կմանրամասնե՞ք, ինչ ծառայությունների մասին է խոսքը, մասնավորապես: 

-Արդեն ասացի, որ մենք իրականացնում ենք սրտանոթային հիվանդությունների սպասարկման ողջ շղթան, սկսած հիվանդին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց և հիվանդանոց տեղափոխելուց: Այդ ծառայությունը մատուցելու համար մենք ստեղծեցինք մեր ԲԿ-ի առանձին «Շտապ օգնության» ծառայությունը: Գաղափարը իրագործվեց համավարակի օրերին, երբ քաղաքային «Շտապ օգնության» ծառայությունը գերծանրաբեռնված էր աշխատում: Նշեմ, որ մեր «Շտապ օգնության» ծառայությունում ներգրավված են պատրաստված բժիշկներ, որոնք աշխատում են 24/7 ռեժիմով: Հիվանդների տեղափոխման համար նախատեսված մեր մեքենաները հագեցած են անհրաժեշտ դեղորայքով ու շարժական էխոսրտագրության և էլեկտրասրտագրության սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս տեղում բժշկական օգնություն ցուցաբերել հիվանդին, այնուհետև որոշել` տեղափոխե՞լ կենտրոն, թե՞ ոչ:

Նշեմ, որ մեր «Շտապ օգնության» ծառայության մի քանի անձնակազմ իրենց մեքենաներով և սարքավորումներով պատերազմի ընթացքում գտնվել են Արցախի ամենածանր հատվածներում՝ մեր զինվորներին տեղափոխելով մի բկ-ից մյուսը։

Ունենք ևս մեկ նորամուծություն` սրտանոթային հիվանդների ներտնային սպասարկում: Դա այն դեպքերում է իրականացվում, երբ հիվանդը ի վիճակի չէ հասնել բուժհաստատություն առողջական վիճակով պայմանավորված և մեր մասնագետները նրա բուժսպասարկումը իրականացնում են տանը` անհրաժեշտության դեպքում համապատասխան սարքավորումներով: 

-Պարոն Համբարձումյան, թեեւ կենտրոնը ի սկզբանե հիմնվել է սրտաբանական ծառայություններ մատուցելու նպատակով, սակայն, տեղյակ ենք, որ վերջերս «Best Life-ում» հիմնվել են նաև այլ հիվանդությունների գծով մասնագիտացված ծառայություններ: Որո՞նք են դրանք և ինչով է պայմանավորված այդ որոշումը:

-Տեսեք, սրտանոթային հիվանդություններով տառապող շատ պացիետներ ունեն նաև երիկամային խնդիրներ, իսկ Հայաստանում գործող մասնագիտացված կլինիկաներում չկան հեմոդիալիզի բաժանմունքներ։ Եվ քանի որ մենք, ինչպես նշեցի, ի սկզբանե միտված էինք մատուցել սրտանոթային հիվանդությունների սպասարկման ծառայության ամբողջ շղթան, որոշեցինք «Best Life-ում» հիմնել նաև հեմոդիալիզի բաժանմունք, որտեղ ի դեպ, կարող են բուժում ստանալ ոչ միայն սրտանոթային պաթոլոհիաներով հիվանդներ, այլև ընդհանրապես երիկամային խնդիրներ ունեցող պացիենտներ:

-Կարեն Մարտինովիչ, տպավորությունն այնպիսին է, որ «Best Life-ը», ի սկզբանե ստեղծվելով որպես մոնոպրոֆիլ կենտրոն, քայլ առ քայլ հավակնում է դառնալ բազմապրոֆիլ բուժհաստատություն...    

-Այո, դա ճիշտ տպավորություն է, մենք ներկայումս բացել ենք մի շարք այլ ծառայություններ, որոնց թվում է ԲԿ-ին կից պետական պոլիկլինիկան: Մեր պոլիկլինիկան ունի մի շարք առավելություններ` մենք մեր այցելուներին սպասարկում ենք անվճար՝ ընդ որում այդ նույն գերժամանակակից, բարձրորակ սարքավորումներով, որոնք գործում են կենտրոնում: Պետք է ընդգծեմ, որ պոլիկլինիկայում աշխատում են մեր կենտրոնի սրտաբանները եւ նեղ մասնագետները։

Բացի այդ մենք ունենք նաև հագեցած դիագնոստիկ բաժանմունք:

-Տեղյակ ենք, որ «Best Life-ում» գործում է տարածաշրջանում եզակի վերջույթների պահպանման  բաժանմունք...Կպատմե՞ք դրա մասին:

-Ասեմ, որ մեր կենտրոնը միակն է ՀՀ-ում և տարածաշրջանում, որտեղ գործում է նման բաժանմունք։ Այն հիմնվել է Եվրոպական անոթային ասոցացիայի մեր մասնագետ՝ պրոֆեսոր Մանվելյանի հետ միասին։ Պետք է ասեմ, որ կենտրոնը հասել է շատ մեծ արդյունքների` դեպքեր են եղել, երբ հիվանդներին այլ կենտրոններում առաջարկել են վերջույթների ամպունտացիա, սակայն, մեզ մոտ` մեր բարձրակարգ մասնագետների շնորհիվ կարողացել ենք փրկել պացիենտին անդամահատությունից։

-Ի դեպ, «Best Life-ում» գործում է նաեւ պլաստիկ վիրաբուժության բաժանմունք, այն կարծես, ընդհանրապես չի առնչվում ԲԿ-ի հիմնական պրոֆիլավորման հետ, ինչու՞ որոշեցիք մուտք գործել նաև այս ոլորտ։

-Լինեմ անկեղծ`մրցակցությանը դիմանալու համար: Ունենք նաեւ լոռ բաժանմունք։ Ինչպես ճիշտ նկատեցիք, կամաց-կամաց մոնոպրոֆիլ ԲԿ-ից վերածվում ենք բազմապրոֆիլ ծառայություններ մատուցող կենտրոնի, որպեսզի դիմակայենք մրցակցությանը, որը շատ հաճախ անառողջ է։

-Ի դեպ, Ձեր կենտրոնի մատուցած բարձրակարգ ծառայությունների համեմատ Ձեր գնային քաղաքականությունը բավական լիբերալ է, ինչպե՞ս է դա հաջողվում։

-«Best Life-ի» հիմնադիրները կենտրոնը հիմնելիս և կառավարելիս առաջնորդվել և առաջնորդվում են, ոչ թե բիզնեսի գաղափարախոսությամբ, այլ բժշկի աստվածատուր առաքելության խորհրդով։ Այդ իսկ պատճառով մենք անում ենք մեր առավելագույնը մինիմալ  գներով մաքսիմալ արդյունք ապահովելու համար։ Դա մենք կարողանում ենք ապահովել մեր գերշահույթ չստանալու հաշվին: Ավելին, պարբերաբար ունենում տարբեր ակցիաներ, օրինակ` հենց այս պահին մեզ մոտ կորոնոգրաֆիան իրականացվում է 50% զեղչով, ստենտավորումը կատարում ենք 700 հազար դրամով, երբ քաղաքի այլ կենտրոններում ստենտավորման միջին գինը 900 հարյուր հազար դրամից – 1 մլն-ի սահմաններում է, այսինքն մեզ մոտ ստենտավորման գինը հանրապետությունում առկա միջին գներից շուրջ 20% մատչելի է։ Ես կարող եմ պարզ ճակատով ասել, որ այն ինչին հասել է «Best Life-ը», իսկ դա երեք տարվա կտրվածքով իրոք լուրջ արդյունք է, հասել է իր պրոֆեսիոնալ թիմի ամենօրյա քրտնաջան աշխատանքով:

-Հաշվի առնելով Ձեր ասածը, դժվար չէ՞ դիմանալ հայաստանյան փոքրիկ, բայց գերհագեցած բժշկական շուկայի մրցակցությանը։

-Շատ ճիշտ հարց տվեցիք, տեսեք, մեկ միլիոնանոց քաղաքի համար, ինչպիսին է Երեւանը, ինչպես փաստում է միջազգային փորձը, մոտավորապես հինգ-վեց բուժկենտրոնները լիուլի բավարար են: Բայց Երեւանում, եթե չեմ սխալվում, գործում են մոտավորապես տաս ինտերվենցիոն կենտրոններ։ Եվ, այո, իրոք շատ դժվար է դիմանալ երբեմն էլ շատ անառողջ մրցակցությանը: Մենք պայքարում ենք մեր առաջարկած գին/որակ օպտիմալ հարաբերակցության հաշվին, որովհետեւ այլ հնարավորություններ չկան։ Այո, լինում են ամիսներ, որ կենտրոնը շահույթ չի էլ ունենում, բայց շնորհիվ ԲԿ-ի հիմնադիրների հմուտ մենեջմենթի չի եղել գեթ մեկ դեպք, երբ հաստատության աշխատակիցների աշխատավարձերը ուշանան, կամ փորձ կատարվի սպասարկման գների բարձրացման կամ որակի հաշվին լուծել ֆինանսական խնդիրներ: Եվ այս ամենի ֆոնին հիվանդանոցը ամենօրյա ռեժիմով զարգանում է:

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնը մրցունակ է նաև տարածաշրջանի մասշտաբով` արտերկրյա քաղաքացիների դիմելիության հոսք ունենու՞մ եք:

-Մեր պացիենտների աշխարհագրությունը բավական լայն է` մենք ունենք հիվանդներ ՌԴ-ից, Իրանից, օրինակ` օրերս մի իրանահայ պացիենտ դուրս գրվեց մեզ մոտից, ով ծայրահեղ ծանր վիճակով էր ընդունվել ԲԿ: Տարօրինակ չհնչի, բայց մի քանի թուրք էլ ենք մեզ մոտ ստենտավորել։ Նրանցից մեկը վարորդ էր, ում ինքնազգացողությունը Նոյեմբերյանի մոտակայքում վատացել էր և նրան տեղափոխել էին մեզ մոտ։ Ունենք հիվանդներ Աբխազիայից, շատ են դիմում ԱՄՆ-ի մեր հայրենակիցները: Բայց դե բժշկական տուրիզմը խթանելու անհրաժեշտություն կա և մենք այդ ուղղությամբ առաջիկայում պլանավորում ենք զբաղվել:

-Ինչպե՞ս եք գտնում պրոֆեսիոնալ մասնագետներին։

-Մեզ մոտ փորձառու և վաստակաշատ մասնագետները մեծ աշխատանք են տանում երիտասարդ, տաղանդավոր կադրերի հետ` այդպիսով պատրաստելով նոր մասնագետներ: Բացի այդ, ինչպես արդեն նշեցի ԲԿ-ի միջոցներով կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ, արտերկրի մասնագետների հետ փորձի փոխանակում... 

-Խոսենք նաեւ ապագա ծրագրերից...

-Ապագայում մենք ցանկանում ենք զարգացնել ինվազիվ նեվրոլոգիայի և օնկոինվազիայի ուղղությունները: Մենք ներդրեցինք նաեւ փակ եղանակով աորտալ փականի պրոթեզավորման պրակտիկան։ Մեր կենտրոնը ժամանակին համահունչ համալրվում է արդի բարձրակարգ բուժսարքավորումներով։ Նախատեսում ենք բացել նաեւ սկոպիաների ծառայություն։

-Եվ որպես վերջաբան... Կբանաձեւե՞ք Ձեր կարգախոսը բժշկության մեջ։

-Բժշկությունը չպետք է լինի բիզնես, այն աստվածատուր առաքելություն է:  Բժշկության մեջ տեղ չունի խաբեությունը, բժշկության հիմքում պետք է լինի ազնվությունն ու անկեղծությունը: Կարծում եմ, մարդը ինչպես կյանքում, այնպես էլ բժշկության մեջ պետք է պատասխանատու լինի իր ամեն արածի համար։

  • Կիսվել: