չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բռնապետ Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի. Ֆրանսիայի Սենատի անդամ

Բռնապետ Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի. Ֆրանսիայի Սենատի անդամ

Հայաստանը ադրբեջանական ագրեսիայի զոհ է, իսկ մեր անտարբերությունը ողբալի է: Այս մասին Ֆրանսիայի Սենատում կայացած՝ Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ժան Լուի Մասոնը:

Խոսելով այսօր Ֆրանսիայ Սենատի ընդունած բանաձևի մասին, որով պատժամիջոցներն են առաջարկվում Ադրբեջանի նկատմամբ՝ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Այս նախագիծը շատ կարևոր է։ Բռնապետ Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի: Թուրքիայի դերը նույնպես չպետք է անտեսել: Էրդողանը Թուրքիայի հարևանությամբ գտնվող բոլոր տարածքներում կարծես թե փորձում է կոնֆլիկտային օջախներ ստեղծել: Նա չի ընդունում 1915 թվականի ոճրագործությունը: Կարծես, երկրորդ Ցեղասպանությունն են իրականացնում հայերի նկատմամբ, ինչպես նաև երրորդ ցեղասպանությունը՝ քրդերի նկատմամբ:

ՆԱՏՕ-ի և Եվրամիության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ խտրական է: Օրինակ՝ Ռուսաստանին դուրս ենք թողել Եվրոպայի խորհրդից, բայց նույնը չենք անում Ադրբեջանի և Թուրքիայի դեպքում: Ամենավատն այն է, որ նույնիսկ բնական գազի գնման ծավալներն ենք կրկնապատկում: Երբ համեմատում ենք՝ ինչ է տեղի ունենում Ուկրաինայում և Հայաստանում, կարող ենք ասել, որ Ֆրանսիան և Եվրոպայի խորհուրդը հավանություն են տալիս այն ամենին, ինչ տեղի է ունենում, անտեսում ենք պատերազմական հանցագործությունները: Այսօր ստեղծված իրավիճակի համար բարոյական պատասխանատվություն են կրում ԵՄ ղեկավարները՛՛:

  • Կիսվել: