ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն, ու դրա վերջնաժամկետը հունիսի 3-ն է. այսօրվա հանրահավաքն ու երթն ավարտվեցին

Բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն, ու դրա վերջնաժամկետը հունիսի 3-ն է. այսօրվա հանրահավաքն ու երթն ավարտվեցին

՛՛Դիմադրություն՛՛ շարժման երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ավարտվեցին այսօրվա երթն ու հանրահավաքը:

Նախքան երթի մեկնարկը՝ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ գոյացել է ջրբաժան, որը վերաբերում է հայկական պետականության կենսական շահերին։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ջրբաժանի մի կողմում արժանապատվություն և կարողություններ ունեցող մարդիկ են, ովքեր պատրաստ են հանուն պետականության զոհաբերել անձնական շահերը և լծվել նոր որակի պետության կերտման ծանր, բայց արժանապատիվ գործին։

Ջրբաժանի մյուս կողմում անվերջ մեզ խաբած, սեփական ժողովրդի օրակարգին ու պետական շահերին դավաճանած, պատերազմում պարտված իշխանական խունտան է, որը պատրաստ է զիջել ամեն ինչ, միայն թե պահի սեփական իշխանությունը՛՛։

Սաղաթելյանի խոսքով՝ ժողովուրդը ձևակերպել է պահանջ՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ չպետք է լինեն այնքան ժամանակ, քանի դեռ թշնամու զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, և երրորդը՝ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող լինել Ցեղասպանության ուրացման հաշվին։

՛՛Մենք ձևակերպել ենք մինիմալ պահանջները, որպեսզի ունենանք պետականություն ու Արցախ, ով դեմ է այդ փաստաթղթին, ինքը դեմ է հայ ժողովրդին։ Ժողովուրդ, այլևս որևէ մեկին խաղի տեղ չենք թողնելու, որևէ մեկը չպետք է ոտնատակ ընկնի, կամ ժողովրդի հետ է, կամ՝ դեմ՛՛,-ասաց նա։

Անդրադառնալով վաղվա անելիքներին՝ Սաղաթելյանն ասաց, որ վաղը երթեր ու հանրահավաք չկան, սակայն երկուշաբթի առավոտյան խաղաղ անհնազանդության ակցիաները կշարունակվեն:

՛՛Երկուշաբթիից ուրբաթ պետք է կրկնապատկենք ուժերը, ավելի համախմբվենք ու հասցեական գնալու ենք դռնեդուռ, բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն, ու դրա վերջնաժամկետը հունիսի 3-ն է, մինչև հունիսի 3-ը պետք է բոլորն իրենց դիրքորոշումը հայտնեն։ Սա ջրբաժան է, պետք է հայտնեն իրենց դիրքորոշումը՝ քաղաքացիական հասարակությունները, կուսակցությունները, արտախորհրդարանական ուժերը՛՛,-նշեց ԱԺ փոխնախագահը։

Նա նաև հավելեց, որ երկուշաբթի օրվանից՝ ժամը 11։00–ից, մի քանի ուղղություններով  կշարունակեն իրենցգործողությունները։

՛՛Բոլորը՝ սկսած խմբակցություններից, վերջացրած կառավարության անդմաներով, պետք է պատասխան տան, մենք պետք է հասկանանք, թե ով է ժողովրդի կողմ, ով՝ ժողովդրի դեմ․ նորից եմ ասում՝ հունիսի 3-ը ջրբաժան է՛՛,-եզրափակեց նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր երթ և հանրահավաք էր տեղի ունեցել նաեւ Ստեփանակերտում:

Նշենք, որ շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները սկսել էր մայիսի 2-ից:

 

 

  • Կիսվել: