Բոլորը լավ գիտեն, թե ով է ՀՀ–ի դեմ հիբրիդային պատերազմ վարում, բաներ կան որ պետք չի ասել. Սիսակ Գաբրիելյան
Միացյալ Նահանգների պես երկիրը, եթե որևէ տեղ տնտեսական շահ չունենա, չեմ կարծում՝ ինքը հսկայածավալ ներդրումներ անի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով նախօրեին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ Հարավային Կովկասում ԱՄՆ–ն տնտեսական շահ չունի, փոխարենը ունի քաղաքական շահ, քանի որ Տրիփի ուղին Իրանի դեմ է ուղղված։
«Իսկ ինչի՞ պետք է քաղաքական շահ չունենա ԱՄՆ–ն, իսկ ո՞րն է Հայաստանի համար վտանգը, որ օրինակ աշխարհի ամենահզոր երկիրը, այդ թվում տնտեսական և քաղաքական շահ ունենա Հայաստանի հետ համագործակցելով։
Երբ որ Հայաստանի Հանրապետությունը մեր իշխանության օրոք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ստորագրեց դեռևս ԱՄՆ նախորդ իշխանությունների հետ, գործող վարչակազմը դա ոչ միայն շարունակեց, այլ նաև մեծ ընթացք տվեց և հենց այդ պայմանագիրը նշանակում է, որ ոչ միայն Ամերիկան, այլ նաև Հայաստանն է ուզում, որ ինքը աշխարհի շատ տարբեր երկրների հետ քաղաքական, տնտեսական և այլ շահեր ունենա, այդտեղ ի՞նչ խնդիր կա։
Այդտեղ կարծում եմ՝ պարոն Քոչարյանի և Ռուսաստանի գործող մյուս էմիսարների միակ նպատակն է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերադառնա անցյալ և ունենա միմիայն շահ մեր դաշնակիցների կողմից, որոնք 25 տարի փաստաթղթի վրա եղել են դաշնակից, բայց տեսանք, թե ինչպես էին, օրինակ, հեռախոսով ռիլեր նայելով կամ սիգարետը ծխելով հետևում, թե ինչպես էին մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ, ռումբերի պայթունների ներքո լքում իրենց բնակավայրը»,–ասաց նա։
Հարցին՝ չունի՞ մտավախություն, որ Ռոբերտ Քոչարյանին կհաջողվի հաղթել առաջիկա ընտրություններում, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում մտավախություն, սրանք քաղաքական ընտրություններ են, մենք դուրս չենք եկել դուելի, որ մի հատ էլ մտավախություն ունենամ, որ կյանքից կարող եմ զրկվել։ Ես կարծում եմ՝ ինքը ոչ միայն իր, այլ նաև մյուս բոլոր ընդդիմադիրների քոքը կմաշեցնի և թող այդ մյուս ընդդիմադիրները մտածեն։
Իր ամբողջ ասելիքը ասուլիսի ընթացքում երկուսն էին, իմ կարծիքով, մեկը այն, որ Հայաստանը պետք է միմիայն Ռուսաստանի հետ լինի, և երկրորդը ըստ իս, ոչ թե իր ընտրողին կամ մեզ էր ուղղված, այլ ընդդիմադիր դաշտին էր ուղղված, որ հանգիստ նստեք ձեր տեղը, լիդերը ես եմ լինելու ընդդիմության»։
Հարցին՝ կոնկրետ ով է հիբրիդային պատերազմը վարում Հայաստանի դեմ, որի մասին խոսում են իշխանության ներկայացուցիչները, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Ինձ թվում է այդ հարցերի պատասխանը հայ ժողովուրդը շատ լավ գիտի, բաներ կան որ պետք չի ասել։ Ցավոք սրտի, երբեմն այդ թվում դուք կամ մեր շատ այլ հայրենակիցներ չիմանալով ընկնում են այդ թակարդը։ Օրինակ հիբրիդային պատերազմներից մեկը այն է, երբ չճշտված աղբյուրին հղում անելով լուր է հրապարակվում, մեկ օր հետո պարզվում է, որ այդ աղբյուրը կոնկրետ այլ տեղից է ֆինանսավորում և իր հրապարակումները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Երբ դա տիրաժավորվում է, լրատվամիջոցը անուղղակիորեն դառնում է այդ հիբրիդային պատերազմի կամ հիբրիդային գրոհների մաս։
Հիբրիդային պատերազմը, այն չի, որ կալաշնիկով են բաժանում և իրար վրա կրակում, հիբրիդային պատերազմը նաև ապատեղեկատվությունն է։ Մեր արտաքին հետախուզության ծառայությունը իր զեկույցում շատ պարզ նկարագրում է, թե որն է հիբրիդային պատերազմը։ Այդ թվում մեր Եվրամիության գործընկերները ունեն այդ փորձը, թե ինչպես դրա դեմ պայքարել։ Այդ թվում այո, կարող են Ռուսաստանից լինել գրոհներ։ Օրինակ, Ռուսաստանի խոսափողն ասում է, որ այստեղ պետք է հատուկ ռազմական գործողություններ անել, դա ի՞նչ է։ Դա էլ է դրա մի մասը»։


