Բոլորն են վերադառնալու. Ալեն Սիմոնյանը` հայ գերիների մասին
Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքը՝ Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի ուղղությամբ, չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանը մտադիր չէ վերադարձնել իր մոտ պահվող հայերին։ ԱԺ նախագահն անդրադարձավ նաև Ալիևի այն հայտարարությանը, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում։
«Ես չեմ տեսել այդ հարցազրույցը և չեմ կարող մեկնաբանել, որովհետև հարցազրույցն, առավել ևս այդպիսի կարևոր հարցազրույցը, մեկ նախադասությամբ և մեջբերմամբ պատրաստ չեմ մեկնաբանել։ Պետք է ընդհանրական գնահատական տամ․ այն գործընթացը և այն աշխատանքը ու ոճը, որը մենք երկուստեք Ադրբեջանի հետ իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծող բան է, որից չպետք է հրաժարվենք։ Այդպես էլ անում ենք։ Բոլորն էլ վերադառնալու են։ Այսօր չէ, վաղը չէ, բայց բոլորն էլ վերադառնալու են։ Ինչպես ժամանակին, երբ 200-ին հասնող մարդիկ կային, նաև մարդիկ կային, որոնք չվերադարձվողների ցուցակում էին, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք վերադարձնել։ Այդ աշխատանքը չի դադարելու մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստանի Հանրապետություն»,- ընդգծեց Սիմոնյանը։
Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի Սահմանադրության մեջ առկա ձևակերպումները, որոնք, ըստ նրա, վերաբերում են Ղարաբաղին, մնում են «կարմիր գիծ» Ադրբեջանի համար։ Նրա խոսքով՝ առանց այդ փոփոխության՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի կայանա։
Անդրադառնալով նաև Բաքվում պահվող հայ գերիներին՝ Ալիևը նշել էր, թե նրանք «անջատողական ռեժիմի առաջնորդներ» են եղել և պատասխանատվության են ենթարկվել Ադրբեջանի օրենսդրության համաձայն։


