հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
«Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսը` ԿԸՀ-ի մոտ. ու՞մ հետ է պատրաստ համագործակցել կուսակցությունը

«Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսը` ԿԸՀ-ի մոտ. ու՞մ հետ է պատրաստ համագործակցել կուսակցությունը

«Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզչական ավտոբուսը կայանված է ԿԸՀ–ի դիմաց։

Կուսակցության անդամներից Արամ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե որն է պատճառը, որ իրենք ավտոբուսը ԿԸՀ–ի դիմաց են կանգնեցրել. «Վերջապես պետք է հասկանանք՝ ում ենք դեմ, կանգնացրել ենք ԿԸՀ-ի դիմաց, տեսնենք ովքեր են գալիս գրանցվելու ընտրություններին, որ բոլորին դեմ լինենք։ Ճիշտ է, ՔՊ-ն թաքուն գնաց հանձնեց, իրեն չկարողացանք ցույց տանք, որ բոլորին դեմ ենք։ Այդ ժամանակ ավտոբուսը պատրաստ չէր, պլստացին։

Մեր օրակարգը հետևյալն է. մենք ունենալու ենք վարչապետի թեկնածու ու ունենալու ենք հստակ օրակարգ՝ 100 օրով իշխանություն վերցնելու։ Մենք պետք է 100 օրով իշխանությունը վերցնենք, հանենք կայուն մեծամասնությունը, ընտրական շեմը իջեցնենք և ավելացնենք բոլորին դեմ եմ քվեաթերթի։ Մեր վարչապետի թեկնածուն պետք է իրագործի այս փոփոխությունները, հրաժարական տա, 10 տարով հեռանա քաղաքականությունից, ու նշանակվեն արտահերթ ընտրություններ։ Սա է «Բոլորին դեմ եմ»–ի օրակարգը։ Հիմա ցանկացած ուժ, որտեղից ուզում է լինի այդ ուժը, եթե աջակցելու է մեզ, մենք չենք ասելու՝ մի աջակցեք մեզ։

Մենք անցնելու ենք խորհրդարան, եթե խորհրդարանը անցած ինչ-որ ուժերը մեզ ձայն են տալու, մենք չենք ասելու՝ մեզ ձայն մի տվեք։ Հիմա դրա անունը ուզում եք դրեք համագործակցություն, չհամագործակցություն, բայց ֆորմատը դա է։

Մենք չենք ունենալու ինչ-որ նախապայմաններ կամ ինչ-որ բանակցային գործընթաց։ Մենք մեր օրակարգը արդեն վեց ամիս է հռչակել ենք, այդտեղ բանակցելու բան չունենք, մեր քյալերը զեղչման ենթակա չեն։ Եթե այլ ուժերից, պատգամավորներից կքվեարկեն մեր վարչապետի թեկնածուի օգտին՝ կքվեարկեն, չեն քվեարկի՝ չեն քվեարկի»,–ասաց Քոչարյանը։

Նա վստահություն հայտնեց, որ իրենք անպայման կլինեն խորհրդարանում։

Հարցին՝ որտեղից է ֆինանսավորվում «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, Արամ Քոչարյանըպատասխանեց. «Մեր ֆինանսավորման մոտ կեսը գեներացվում է անդամների աջակցությունից, մեր կայքով մարդիկ կարող են մտնեն, աջակցեն, մյուսը մեր կուսակցության մնացած անդամները ֆինանսավորումն է»։

  • Կիսվել: