չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բոլոր բացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների օրենսդրության ներքո, որոնցով անցնում են․ Միրզոյան

Բոլոր բացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների օրենսդրության ներքո, որոնցով անցնում են․ Միրզոյան

Այն, ինչ կա Հայաստան-Ադրբեջան բանակցային սեղանին, բավականին թափանցիկ և հրապարակային է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Կան մի քանի ուղղություններ, որոնցով ունենք որոշակի առաջընթաց, կան ուղղություններ, որտեղ դեռ փորձում ենք հասկանալ այն հնարավոր կետերը, որտեղ դիրքորոշումները կարող են կամ շանս ունեն համընկնելու։ Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց կա, երեկ հանդիպել են փոխվարչապետերը, կա պայմանավորվածություն՝ մյուս հանդիպումը կազմակերպել Մոսկվայում։ 

Մյուս ուղղությունը տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման մասին է, և այստեղ ևս որոշակի պատկերացումների համընկնումներ կան։ Կարող եմ վերահաստատել՝ բոլոր բացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և այն երկրների օրենսդրություններով, որոնցով անցնում են» , - հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Նախարարն ասաց, թե Զանգեզուրի միջանցքն այն տրամաբանությամբ, որով շրջանառվում է 2 տարի շարունակ և որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել, Հայաստանի համար անընդունելի է։

«Կարծեք թե կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու, բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են»  - ասաց ԱԳ նախարարը։

  • Կիսվել: