շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԲՀԿ-ում հրաժարվում են խոսել Սերժ Սարգսյանի ելույթից, մեկնաբանել դրանում հնչած կոշտ գնահատականները

ԲՀԿ-ում հրաժարվում են խոսել Սերժ Սարգսյանի ելույթից, մեկնաբանել դրանում հնչած կոշտ գնահատականները

Զագրեբում ԵԺԿ համագումարի ժամանակ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում հնչած քաղաքական հայտարարությունների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում մեկնաբանություններ չունեն: «Ամեն քաղաքական ուժ ու դրա առաջնորդ ունի իր կարծիքը և առաջնորդվում է իր քաղաքական գծով: «Բարգավաճ Հայաստանը» շարժվում է իր օրակագրով, իր տեսլականով», PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը:
 
Հարցին, թե Սերժ Սարգսյանն իր ելույթում կոշտ գնահատականներ է տվել Հայաստանի իշխանությունների վարած արտաքին, ներքին քաղաքականության մասին, ասել, որ երկրում քաղաքական հետապնդումներ են ենթարկվում առանձին գործիչներ, ինչպե՞ս է այս ամենին վերաբերում ԲՀԿ-ն, Աբովյանը արձագանքեց. «Կարող եմ ասել հետևյալը՝ դուք կարող եք նրանից հավելյալ մեկնաբանություններ ստանալ՝ ինչ նկատի ուներ: Բայց ես մեկ անգամ ևս կրկնում եմ, որ մենք հիմնվում ենք մեր տեսլականի, մեր եզրակացությունների վրա»:
 
Դիտարկմանը, թե տպավորություն է, որ ԲՀԿ-ում խուսափում են անդրադառնալ նախկին նախագահի հայտարարություններին, Աբովյանը արձագանքեց. «Ոչ մի դեպքում, ոչ մեկ չի խուսափում, խուսափելու խնդիր չկա: Կարող եմ հստակ ասել, որ Հայաստանում տեղի են ունենամ քաղաքական գործընթացներ, և ամեն քաղաքական ուժ ինքն է ընտրում իր գործողությունների վեկտորը»:
 
Հիշեցնեն՝ Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր. «Երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության մեխանիզմը, խախտված է դատական իշխանության անկախությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ, պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի։ Հիմա ես այստեղ եմ` բարձրաձայնելու այդ մտահոգությունները` պաշտպանելու համար այն հավատը, որ ունեցել են հազարավոր մարդիկ իշխանափոխությունից»:

  • Կիսվել: