Բենինի և Ռուանդայի հետ դիվանագիտական ու ծառայողական անձնագրերով վիզայի պահանջի վերացման համաձայնագրեր կստորագրվեն
Գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց փոխադարձ ազատում մուտքի վիզայի պահանջից՝ մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և տարածքից դուրս գալու համար։ Համաձայնագրի կնքումը կնպաստի Բենինի Հանրապետության հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև տարբեր մակարդակներով պաշտոնական և աշխատանքային փոխայցելությունների կազմակերպմանն ու իրականացմանը՝ ապահովելով երկկողմ հարաբերությունների զարգացում և համագործակցության նոր ուղղությունների ձևավորում։
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նախագծի կնքման առաջարկությունը ներկայացրել է ռուանդական կողմը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց փոխադարձ ազատում մուտքի վիզայի պահանջից՝ մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և տարածքից դուրս գալու համար։ Համաձայնագրի կնքումը կնպաստի Ռուանդայի Հանրապետության հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև տարբեր մակարդակներով պաշտոնական և աշխատանքային փոխայցելությունների կազմակերպմանն ու իրականացմանը՝ ապահովելով երկկողմ հարաբերությունների զարգացում և համագործակցության նոր ուղղությունների ձևավորում։



