Բելառուսում տեղի ունեցածը ծանր կնստի այդ երկրի վրա․ Քաղաքագետ
Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով իշխանությունների հնարավոր փոփոխությունը երկրի տնտեսության համար ունենալու է շատ լուրջ, շատ ծանր հետևանքներ, InfoPort.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Նրա խոսքով, բնակչության սոցիալական վիճակը ծանրանալու է։ «Եթե մենք ասում ենք, որ այժմ Բելառուսը սոցիալական պետություն է, ապա մեկ տարի հետո, երբ եկան նոր իշխանությունները և սկսեցին այդ վայրի սեփականաշնորհումը, ապա Բելառուսը մեկ տարի հետո այնպիսին չի լինելու, ինչպես հիմա է», -հավելեց քաղաքագետը։
Բելառուսում ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստ է առաջնորդել շարժումը և մեր հարցին, թե ունի՞ նա հնարավորություններ շարժում առաջնորդելու համար, Քեռյանը արձագանքեց․
«Ցավոք․ Սվետլանան ոչ միայն քաղաքական կուսակցության լիդեր չէ, այլ նաև հանրային դեմք չէ, նա քաղաքական թիմ չունի։ Նա ինչ-որ բլոգերի կին է, որին ձերբակալել են և թույլ չեն տվել իր թեկնածությունը դնի, և նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դրել է նրա կինը։ Նա պարզապես եղել է տնային տնտեսուհի և խոհանոցից դուրս գալով ասում է որ պատրաստ է կառավարել երկիրը, իսկ այդ երկիրը գաճաճ պետություն չէ, այլ արևելյան եվրոպայի խոշոր պետություններից մեկն է 10 մլն բնակչությամբ, հզոր տնտեսական պոտենցիալով, կարևոր ստրատեգիական դիրքով»։
Նրա կարծիքով, Բելառուսում վերջին մի քանի օրերի ուժգին ցույցերը ուժայինների կողմից գործադրված ուժի հակազդեցությունն է և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կատարի հետքայլ՝ չեղյալ հայտարարել տեղի ունեցած ընտրությունները և նշանակել նոր ընտրություններ։
«Այդ ընտրությունները պետք է նշանակվեն մի քանի ամիս անց, և այդ ընթացքում ուժերը պետք է հաստատվեն, կայանան և քաղաքական դեմքեր ի հայտ գան ու ի վերջո կայանան քաղաքական ընտրություններ», -հավելեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։


