ԲԴԽ անդամի թեկնածուի քվեարկությունը պետք է տեղի ունենա, սակայն ՔՊ խմբակցությունը չի մասնակցի դրան. Կոնջորյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ նիստերի դահլիճում հիշեցրեց՝ Ալեքսանդր Սիրունյանը, որն առաջադրված էր որպես ԲԴԽ անդամի թեկնածու, հանդես է եկել հայտարարությամբ և հրաժարվել իր թեկնածությունից:
«Պարոն Սիրունյանը հիմնավորեց այն հանգամանքով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացության մեջ, մասնավորապես գույքային, հողի հետ կապված հարցեր կային, որոնք նաև Ազգային ժողովում քննարկման առարկա դարձան: Եվ հիմնվելով սրա վրա՝ պարոն Սիրունյանը իր թեկնածությունը հետ է կանչել:
Ուզում եմ տեղեկացնել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարության եզրակացությունը, ըստ կարգի, ուղարկվում է ԱԺ՝ թեկնածությունը առաջադրելուց հետո: Երբ թեկնածուն առաջադրվում է, դրանից հետո նրա վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն էլ իր ուսումնասիրություններից հետո տալիս է իր եզրակացությունը:
Մենք, ըստ էության, ևս կարևորում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունները, հիմնվում դրանց վրա, և ինքներս՝ մեր իշխանությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիմնել է հենց այսպիսի համանման իրավիճակներում խորհրդատվություն ներկայացնելու համար, կարևորում ենք ինստիտուտների և դրանց կողմից տրված եզրահանգումների կշիռը:
Պետք է ասեմ, որ քվեարկությունը, օրենքի համաձայն, պետք է տեղի ունենա, որովհետև ընթացակարգերը այլ բան չեն ենթադրում, սակայն ուզում եմ հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի այս քվեարկությանը՝ իմ կողմից արդեն իսկ նշված հանգամանքների բերումով»,- ասաց նա:
Ավելի վաղ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել էր ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի և ԲԴԽ-ի անդամի թեկնածուի ընտրության կարգը և ժամը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: