շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բազմափորձ ու քաջատեղյակ գլխավոր դիվանագետը մեր աչքի առջև փլուզվում է՝ որպես մարդ, մասնագետ և բարեկամ. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Լավրովի մասին

Բազմափորձ ու քաջատեղյակ գլխավոր դիվանագետը մեր աչքի առջև փլուզվում է՝ որպես մարդ, մասնագետ և բարեկամ. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Լավրովի մասին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությանն առ այն, որ ՛՛Հայաստանը երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները, և, այո, Բաքուն վերադարձրեց այն, ինչ իրեն էր պատկանում՛՛:

Այս առնչությամբ Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Մեծ երկրի՝ այն էլ ռազմավարական գործընկերոջ, գրանցված միջնորդի և անվտանգության երաշխավորի, բազմափորձ ու քաջատեղյակ գլխավոր դիվանագետը մեր աչքի առջև փլուզվում է՝ որպես մարդ, մասնագետ և բարեկամ։

Մեկ անգամ չէ, որ ասենք լեզվի սայթաքում է կամ էլ Հայաստանի անկապ իշխանության անկապ քայլ-արտահայտության խորամանկ ընդօրինակում, այլ՝ երկրորդ, երրորդ, երկարող շարանի մեջ հերթական ապացույցը։

Ապացույցը, որ նա՝ առնվազն մեր երկրի կործանարարի հանգույն, շեղվել է ճշմարիտ ուղուց և, եթե վարձկան չէ՝ անիրավ է, անարժան, «ցինիկ» ու պատեհապաշտ։

Հուսով եմ, որ նա՝ մեր գերագույն նմանակողի պես, ըստ էության, չի ներկայացնում իր պետության կենսական ազգային շահը՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր. «Հայաստանը երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները, և, այո, Բաքուն վերադարձրեց այն, ինչ իրեն էր պատկանում»․

 

 

 

  • Կիսվել: