Բարոյական չէ Գեղամ Նազարյանին խնդրել, որ վայր դնի մանդատը. ԱԺ նախագահ
«Ռոբերտ Քոչարյանը ժողովրդավար էր» բառակապակցությունը նոնսենս է»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե Քոչարյանը ժողովրդավար էր, որ Գեղամ Նազարյանից չպահանջեց վայր դնել մանդատը․
«Վստահ եմ, որ պարոն Նազարյանը չէր դնի մանդատը եթե նույնիսկ խնդրեին»:
Ըստ նրա՝ այդ գիտակցումը եղել է և դրա համար է, որ գնացել են այն լուծմանը, որ ոչ թե մանդատը վայր դնի, այլ խմբակցությունից դուրս գա: «Շատ ու շատ մարդիկ 2021 թվականի ընտրություններին գնացել են «Հայաստան» դաշինքին ձայն են տվել, որովհետև Ռոբերտ Քոչարյանը և դաշնակցականներն այդ մարդուն բերել էին որպես որդեկորույս հայր և էմոցիաների վրա նաև շեշտ էին դրել: Մարդիկ նաև ձայն են տվել իրենց՝ Գեղամ Նազարյանի գոյության, կորստի, ելույթների, աշխատանքի շնորհիվ, և բարոյական էլ չի պարոն Նազարյանի պարագայում իրենից խնդրել, որ ինքը մանդատը վայր դնի»,- ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ Դաշնակցությունը փորձում է այնտեղ իշխանությունը վերցնել և կամաց-կամաց այն մարդկանց, ովքեր որ դաշնակցական չեն, «Հայաստան» խմբակցությունից դուրս մղել:
«Դա մեծ պլան է, իրենք հասկացան, որ մեր նկատմամբ ոչ մի բան չեն կարողանում անել, ընտրություններն էլ մի տարուց մոտենում է, որոշեցին այդպիսի բան անեն: Կարելի է մտածել՝ իրենցից որևիցե մեկն ինձ հետ գործուղման չի եղել, ինձ հետ հաց չի կերել, ինձ հետ չի նկարվել, կամ չի գալու»,- ասաց նա: