Բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվել է գնալ Արցախ, և մենք այդ մասին լսում ենք Ադրբեջանի հայտարարություններից. Ռուստամյան
ԱԺ քաղաքական մեծամասնությունը չի ուզում որեւէ կերպ անդրադառնալ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ խուսափում են որեւէ ձեւով հրապարակային դարձնել այն պրոցեսը, որը տեղի է ունենում, ըստ Ռուստամյանի, ժողովրդի թիկունքում:
՛՛Մենք ակնհայտ նպատակ էինք հետապնդում այս հայտարարության միջոցով, հասնել նրան, որ մեր շահերը շատ հստակ արձանագրվեն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում: Ակնհայտ է, որ գոյություն ունի լրջագույն գործընթաց, որի մասին մենք իմանում ենք միայն պոստֆակտում` կատարված փաստերի առաջ կանգնելով: ԱԺ-ն կառավարման մեր այս համակարգում խորհրդարանական ունի շատ կարեւոր դերակատարություն, մեկ անձի վրա չպետք է թողնել այս գործընթացը: Դա երկու առումով է սխալ` մեկ անձը չի կարող ամբողջական այնպիսի պրոցես իրականացնել, որտեղ սխալներ, թերացումներ չլինեն, եւ մյուս կողմից ակնհայտ է, որ արտաքին ճնշումները ՀՀ-ի վրա ուժեղացած են եւ չի կարելի թույլ տալ, որ այդ ճնշումները կենտրոնանան մեկ անձի վրա: Այս տրմաբանությունը չընկալվեց հանձնաժողովի կողմից՛՛,- ասաց նա:
Ռուստամյանը նշեց, որ տեղի է ունենում մի պրոցես, որից մենք պետք է օր առաջ դուրս գանք: Ըստ նրա՝ կա բանավոր եւ գրավոր համաձայնությունների գործընթաց, եւ մենք ականատեսն ենք լինում այդ բանավոր համաձայնությունների կործանարար հետեւանքներին միայն դրանք պոստֆակտում կատարելուց հետո: Նրա խոսքով՝ սա սպառնալիք է ուղղակի մեր ազգային շահերին:
՛՛Մենք փորձում էինք կանխել սա, իրենք էլ ապացուցեցին, որ կա բանավոր պրոցես, մի խանգարեք, մեր ղեկավարը գիտի` ինչ է անում: Դա մերժելով՝ տվեցին այն տպավորությունը, որ այո΄, արդեն կատարվել են բանավոր զիջումներ, որոնք եթե մենք հիմա ֆիքսենք, դուրս կգա, որ Կառավարությունը ԱԺ-ին հակառակ է գործել, որը հիմք է հանդիսանում կառավարության անվստահությանը՛՛,-ասաց նա:
Ըստ Ռուստամյանի՝ խայտառակություն է ՀՀ կողմի արձագանքը Ադրբեջանի այն հայտարարությանը, որ ԱԳ նախարաների հանդիպում չի կայացել, քանի որ հայ պատգամավորները այցելել են Արցախ:
Նա նշեց. ՛՛Բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվել է, ըստ էության, գնալ Արցախ, եւ մենք այդ մասին լսում ենք, երբ Ադրբեջանից հայտարարություններ են լինում, իսկ մեզ ասում են` ի՞նչ եք Ադրբեջանի հայտարարություններով առաջնորդվում: Շատ հստակ է, որ խափանվել է բանակցությունը Ստոլկհոլմում, որ Ադրբեջանը ասել է` ինչու են պատգամավորները գնացել Արցախ: Այսինքն մարդիկ ճնշումներ են ամեն տեղ բանեցնում առ այն, որ Ղարաբաղյան հարց գոյություն չունի, դա ադրբեջանական տարածք է եւ դուք իրավունք չունեք գնալ այնտեղ՛՛: