շաբաթ, հունվար 18
18 / 1 / 2025
Բաքվում բռնությամբ կորզված որևէ «ցուցմունք» չի կարող փոխել մեր կարծիքն ու գործողությունները․ Բագրատ Սրբազան

Բաքվում բռնությամբ կորզված որևէ «ցուցմունք» չի կարող փոխել մեր կարծիքն ու գործողությունները․ Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու մնացած հայ գերիներին․

«Պետք է շատ լավ հասկանանք, որ Բաքվում բռնությամբ կորզված որևէ, այսպես կոչված, «ցուցմունք» չի կարող հիմք հանդիսանալ մեր կարծիքի փոփոխության և մեր գործողությունների վերանայման համար։ Մենք պիտի շատ լավ պատկերացնենք, թե ինչպիսի´ պայմաններում են կորզվել բոլոր հնարավոր «ցուցմունքները», և թե ինչ ճնշման տակ են գտնվել բոլոր պատանդները։

Ո՞րն է մեր անելիքը…

Ըմբռնելով հանդերձ մեր հասարակական կյանքի հոգևոր և քաղաքական կաթվածահարության աստիճանը, տեղեկատվական գրոհներն ու ահաբեկչությունը.

Ա. Կոչ եմ անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, ձեր անվերապահ աջակցությունը հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին։

Բ. Աջակցության բովանդակությունը պետք է լինի շատ հստակ. հայ ժողովուրդը միասնական է Բաքվի պատանդառած իր հայրենակիցներին զորակցության հարցում՝ վստահեցնելով, որ մենք նրանց կողքին ենք, և որ Բաքվի որևէ ճնշում չի կարող սասանել ո´չ մեր աջակցությունը, և ո´չ էլ Հայաստանի և հայ ժողովրդի կամքը՝ սեփական պետությանը և սեփական քաղաքացիներին տեր կանգնելու համար՝ ի տես աշխարհի, ի տես մեր ներքին և արտաքին բոլոր թշնամիների՝ հավաստելով, որ մենք տեր ենք մեր հայրենակիցներին, և որևէ թշնամական դատավարություն չի կարող մեզ ջլատել և մեր կարծիքը փոխել նրանց մասին»։

Նա կոչ է արել բոլոր կարող կազմակերպություններին և անհատներին՝ Հայաստանում և սփյուռքում ի մի բերելու իրենց տեղեկատվական և կազմակերպչական բոլոր միջոցները՝ այս հարցում միասնություն և արդյունավետ ընթացք ապահովելու համար:

«Այս խնդրի շուրջ տարակարծություններ չպետք է լինեն՝ պայմանավորված քաղաքական կամ որևէ այլ դիրքորոշումով:

Ձեզ զգացեք նրանց փոխարեն… Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…»,- ասել է նա։

  • Կիսվել: