ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բաքվի նկատմամբ պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան, դա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին. Բոնո

Բաքվի նկատմամբ պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան, դա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին. Բոնո

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն ՛՛Ազատության՛՛ հետ զրույցում անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին, որի վերաբերյալ թեև կա Միջազգային դատարանի որոշմումը, ինչպես նաև միջազգային բազմաթիվ կոչեր են հնչում՝ ուղղված Ադրբեջանին՝ այն բացելու նպատակով, այնուամենայնիվ, Ադրբեջանը չի բացում Լաչինի միջանցքը:

Խոսելով այն մասին, թե ինքն ի՛նչ գործուն լուծում է տեսնում՝ Բոնոն ասաց. ՛՛Մենք դա շեշտել ենք: Պետքարտուղար Բլինքենը Մյունխենում երկու կողմերի հետ հանդիպմանը պարզ ասաց, ու կարծում եմ՝ նա նաև հրապարակային է հայտարարել, որ Լաչինի միջանցքը պետք է լինի բաց ու ազատ առևտրային և մասնավոր տրանսպորտի համար՛՛

Դիտարկմանը, թե, ցավոք, կոչերը չեն աշխատում՝ նա նշեց, որ իրենք կշարունակեն առաջ տանել այդ հարցը:

Ինչ վերաբերում է Բաքվի նկատմամբ պատժամիջոցներին՝ Բոնոն նշեց. ՛՛Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ՝ երկու կողմերի հետ աշխատելու, նրանց խաղաղության տանելու համար: Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան: Սա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին՛՛:

Ազատության հարցին, թե Երևանում և Բաքվում հանդիպումների արդյունքներով ի՛նչ ուղերձ է տանում Վաշինգտոն՝ Բոնոն պատասխանեց. ՛՛Վաշինգտոնում կհայտնեմ, որ այստեղ կան հեռանկարներ խաղաղության համար: Բայց դա հեշտ չի լինելու: Դա երկու կողմից էլ հանձնառություն կպահանջի: Դրա համար պետք է լինելու փոխվստահություն, կողմերը պետք է վստահություն ձեռք բերեն միմյանց նկատմամբ, վստահեն, որ պարտավորությունները կկատարվեն, վստահեն, որ մյուս կողմն էլ հավատարիմ է խաղաղությանը: Սա այն է, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք: Դա հեշտ գործընթաց չի լինելու: Բայց ես վստահ եմ: Հակառակ դեպքում ես այստեղ չէի լինի՛՛:

Հարցին, թե ինքըկարո՞ղ է նշել, որ կողմերն ուզում են խաղաղություն, նա տվեց դրական պատասխան:

  • Կիսվել: